168.am-ը գրում է․

Օգոստոսի 25-27-ը, երբ փակ էր Սյունիքի մարզի Գորիս-Կապան, այնուհետև՝ Գորիս-որոտան ճանապարհը, մի քանի գյուղեր, մասնավորապես՝ Բարձրավանը, հայտնվել էին շրջափակման մեջ։ Հարակից գյուղերի բնակիչներն իրենց աչքի տակ ունենալով 90-ականների դեպքերը, երբ թշնամին փակում էր ճանապարհները, մտավախություն են հայտնում, որ որևէ երաշխիք չկա, որ նույնն այսօր չեն անի։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանն ասաց, որ այն օրերին, երբ թշնամին փակել էր ճանապարհը, Խնածախից Քաջարան բնակիչները գնում էին Տաթևի ճանապարհով։

«Թեև մեր գյուղը հեռու է Բարձրավանից, բայց դե մեր բնակիչները, որոնք գնում էին Քաջարան, հատկապես նրանք, ովքեր այնտեղ են աշխատում, Տաթևով էին գնում՝ անվտանգությունից ելնելով։ Հիմա ընդհանուր առմամբ գյուղում իրավիճակը նորմալ է։ Մյուս գյուղերն այլընտրանքային ճանապարհներ են ստեղծում, մենք՝ ոչ, մեր գյուղը 50 կմ հեռու է, հարկ եղած դեպքում կօգտվենք Տաթևի ճանապարհից»,- նշեց Անուշավան Հովակիմյանը։

Նա նաև փոխանցեց, որ կարողացել են ավարտին հասցնել գյուղատնտեսական աշխատանքները, անասնակերը հավաքել են, հույս ունի, որ եղածը ձմռանը կբավականացնի։

«Հուսանք՝ հավաքած խոտը կբավականացնի ձմռան համար, այսինքն՝ կկարողանանք ծայրը ծայրին հասցնել»,- եզրափակեց Անուշավան Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել