Shamshyan.com-ը գրում է․

Այսoր` սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։ Մինչև այժմ հրշեջները գյուղացիների հետ համատեղ պայքարում են կրակի դեմ։ Մի քանի անգամ հրշեջ ավտոմեքենան ջրով լիցքավորվելու նպատակով գնում, հետ էր գալիս։ Պարզվել է, որ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին, ինչի հետևանքով վերջինս կրել է մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երբ կրակը նկատեցինք, միանգամից զանգեցինք МЧС, МЧС-ը կարճ ժամանակում հասավ։ Կարողացանք մի կերպ կովերին փրկել, բայց կրակն այնքան արագ էր տարածվում, որ հնարավոր չեղավ գառների գոնե մի մասին փրկենք։ Սաղ ծխահարվել ու սատկել են։  Դեպքի մասին ահազանգել ենք նաև գյուղապետարան, գյուղապետարանից օպերատիվ էկան։ Իսկ մարզպետարան զանգահարել ենք, հայտնվել ենք «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի» վիճակում։  Ստացվում է, որ մարզպետարանում շաբաթ օրով ոչ մի աշխատակցի չես կարող գտնել։ Կրել ենք միլիոնների վնաս։ Հասկանում ենք, որ այս պայմաններում կառավարությունն ու մարզպետարանը չեն կարող 100 տոկոսով մեզ օգնեն, բայց գոնե 50 տոկոս օգնության ձեռք մեկնեն։ Վարկով վերցրել ու զբաղվում ենք անասնապահությամբ։

Հիմա չգիտենք՝ ո՞նց ենք դրա տակից դուրս գալու։ Հեսա բանկը «սև թղթի նման» կծեծի մեր դուռը։ Գոնե կառավարությունը էդ բանկերի հարցով էլ մեզ օգնի. մի 2-3 տարով սառեցնեն, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս; Աշխատատեղեր էինք բացել նաև, ու առաջիկայում աշխատողների թիվը ավելացնելու էինք»։  Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչից է կրակն առաջացել, տուժածի կինն ասում էր. «Ճիշտն ասած՝ չգիտենք, բայց որ էլեկտրալարերից չի եղել, դա փաստ է, ու վստահ ենք, որ հոսանքից չի եղել։ Մնում է՝ իրավասու մարմինները պարզեն նաև կրակի առաջացման պատճառը»։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել