«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի անկախության հռչակման 30-ամյակը։ Այս տարի Արցախն իր անկախությունը նշում է անցյալ տարի սկսված պատերազմի հետևանքով առաջացած բարդագույն իրավիճակի պայմաններում։ Ներկայումս հայկական երկրորդ հանրապետությունը զրկվել է իր տարածքների 75 տոկոսից ու առանձնահատուկ աջակցության կարիք ունի։ Իսկ Ադրբեջանը փորձում է իր շահերին համապատասխան օգտագործել Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ստատուս քվոյի փոփոխությունը և, ըստ այդմ, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի աստիճանաբար հասնի ռուս խաղաղապահների հեռանալուն, ապա Արցախում առանց դիմադրության հանդիպելու իր տիրապետությունը հաստատի։ Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է Արցախում ապրող հայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու մասին։

Թվում է՝ Արցախի անկախության օրը կարող էր պատեհ առիթ լինել, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը այցելեր Ստեփանակերտ և այնտեղից Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մասով ուղերձ հղեր ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ աշխարհին, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն Հայաստանի իշխանությունների փոխարեն նման ուղերձներ հղում են Հայաստանի ընդդիմադիր ուժերն ու արտասահմանցի քաղաքական գործիչները: Օրինակ՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, թե սպասում է այն օրվան, «երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»:

քաԵթե 2018 թվականին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական էյֆորիայի ֆոնին անմիջապես այց կազմակերպեց դեպի Ստեփանակերտ, ապա պատերազմից հետո և այս տարվա հունիսի 20-ի ընտրությունների անցկացումից ի վեր չի շտապում այցելել Արցախ։ Ավելին, նա հանկարծ որոշեց արձակուրդ վերցնել հենց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Պատահական չէ, որ շատերը խորապես վստահ են, որ նա դիտավորյալ այդպես արեց, որ արձակուրդի անվան տակ խուսափի Արցախ այցելությունից։ Ի դեպ, եթե հիշում եք, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին նույնպես Փաշինյանը արձակուրդ էր մեկնել, որպեսզի Արցախ չայցելի։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը կոնկրետ վախեր ունի ու փորձում է այնպես անել, որ հանկարծ Ալիևին չզայրացնի։

Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը Արցախի անկախության օրով հանգստանում է, կարող էին, չէ՞, գոնե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել Ստեփանակերտ։ Բայց նրանք նույնպես ձեռնպահ մնացին այդ քայլից։ Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի։ Ի վերջո, չափազանց տարօրինակ է, որ Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ էր մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ընդամենը փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Հետաքրքրական է, որ համացանցում լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի ելույթը Արցախի խորհրդարանում անգամ ծափահարությունների չի արժանանում։ Իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսքին հետևում են բուռն ծափահարությունները։ Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունները Արցախ էին մեկնել պատկառելի պատվիրակությամբ և տարբեր հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների հետ։

Սա կապված է նաև նրա հետ, որ դրական փոփոխությունների առումով Արցախի ներկա իշխանությունների հետ ոչ ոք այլևս որևէ հույս չի կապում, ուստի այս ֆոնին կարևորվում է Արցախի նախկին նախագահների ներուժն ու գործոնը։ Մի խոսքով, Հայաստանի իշխանությունների նման պահվածքը պարզապես թույլ է տալու թշնամիներին առավել վստահ լինել, որ ուժով, ճնշումներով կարող են անընդհատ հասնել իրենց նպատակին, այն է՝ Արցախի ճանաչմանը որպես Ադրբեջանի մաս, Արցախի հայաթափմանը, Սյունիքով միջանցք ստանալուն, Հայաստանի կողմից տարածքային զիջումներին և այլն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել