168.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը և կարճեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի՝ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում դատավոր Արման Հովհաննիսյանը նշեց, որ իր համար որոշումը սպասելի էր, քանի որ ուներ վստահություն, որ իր ներկայացրած միջնորդությունը հիմնավորված է:

«Շատ բարձր եմ գնահատում, շնորհակալ եմ ԲԴԽ-ին՝ նման որոշում կայացնելու համար: Այս դեպքում ԲԴԽ-ն կանգնեց հենց դատավորի կողքին, դատավորի անկախության կողքին և իրականացրեց արդարադատություն: Կարծում եմ՝ այս որոշումը նաև շատ լավ նախադեպային որոշում կլինի կարգապահական վարույթների հետ կապված՝ երկու իմաստով: Առաջինը, որ, ինչքան գիտեմ՝ սա առաջին դեպքն է, որ այս փուլում ԲԴԽ-ն միջնորդությունը կարճում է, դա ևս նախադեպային կլինի, և երկրորդ, դրանով կկանխվի այն ենթադրյալ արատավոր, վտանգավոր պրակտիկան, որը կարող էր շարունակվել, որ, օրինակ, եթե նախարարն ինչ-ինչ միջնորդություն է ներկայացնում, չի բավարարվում, դրանից հետո ինքը կարգապահական վարույթ է հարուցում: Այս որոշումով արդեն իսկ դա էլ կկանխվի, և եթե նախարարը տվյալ գործով կողմ է, ուրեմն ենթադրվում է, որ ինքը չի կարող կարգապահական վարույթ հարուցել…

Ես վստահ էի, որ իմ միջնորդությունը հիմնավոր է՝ զուտ շահագրգիռ կողմ լինելու առումով, սակայն մի փոքր չէի կարողանում հասկանալ՝ այս փուլում կկարճվի՞, թե՞ ընդհանուր կարգով կքննվի, վերջում կկարճվի: Բայց ես գիտեի, որ եթե կարճվի՝ հիմքում դրվելու է հարուցման օրինական չլինելը, դրանում ես վստահ էի»,- նշեց դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու քննության նիստերին ի աջակցություն դատավորի՝ ԲԴԽ-ում կարելի էր տեսնել բազմաթիվ դատավորների, փաստաբանների:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկա գտնվողներին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, և նաև իմ ընկերներին, հարազատներին, փաստաբաններին, ովքեր, արդեն մի քանի նիստ է՝ գալիս են: Ես հասկանում եմ՝ իրենք իրենց աջակցությունն են հայտնում: Այո, դա ինձ համար շատ մեծ աջակցություն է, շատ ոգևորող է, և կարծում եմ՝ իմ աշխատանքի գնահատականը դրսևորվում է հենց այս մարդկանց ներկայությամբ, ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ»,- նշեց Արման Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել