168.am-ը գրում է․

«Այս փուլում  Խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի արտահայտած դիրքորոշման վերաբերյալ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրում պետք է լինի Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Միրզոյանը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանությունների փոխարեն  ներկայումս կկենտրոնանար արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի   հայտարարությունների շրջանակում:

«Այս փուլում խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում, երբ ինչ-որ մի ժամանակ նման բանակցություններ սկսվեն, ապա այդ բանակցությունների պարտադիր մաս պետք է կազմի ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամրագրած սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը:

Հարցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ նորանշանակ ԱԳ նախարար Միրզոյանը այսօր կատարել է իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստանի Դաշնություն և ունեցել բանակցություններ իր ռուս գործընկերոջ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել