Մեր շենքից մի փոքր ներքև, հենց բնակելի շենքի պատին պատկերված է էս ժպտացող տղու նկարը։ Երբ մեկ-մեկ Վրացականով գալիս եմ տուն, էս տղու ժպիտն ա ինձ ուղեկցում։ Նայում եմ, ես էլ թեթև ժպտում ու շարունակում քայլերս։ Ափսոսանքի ու հպարտության մի խառը զգացում ա պատում. ես ու էս հայտնի ժպտացող տղեն փաստորեն նույն թաղերից էինք ու էս կենսախինդ տղեն էլ չկա...
Վստահ եմ՝ այս նկարը շատերիդ է ծանոթ, բայց բոլոր չէ, որ գիտեն նրա պատմությունը։
Բալասանյան Արթուրն է։ Ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինն էր սովորում, հիանալի նկարում էր։ Ապագա ճարտարապետ դիզայներ էր...
2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ։ Ջրականում (Ջեբրայիլ) էր ծառայում։
Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, Արթուրենք դիրքերում էին։ Առաջինը նրանք ընդունեցին մարտն ու անմահացան իրենց իսկ պաշտպանած դիրքերում, պատերազմի հենց առաջին օրը...
Սպասումի ու հույսի 5 երկարուձիգ ամիսներ հետո՝ 2021 թվականի փետրվարին, ԴՆԹ փորձաքննության արդյունքում Արթուրի մասունքները հանձնեցին հարազատներին...
Անգամ իր զոհվելուց հետո Արթուրն ամեն օր ժպիտ ա պարգևում այն հազարավոր անցորդներին, որոնց խաղաղ ու անհոգ կյանքի համար չխնայեց իր սեփականը։
Արթուրը 19 տարեկան էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել