168.am-ը գրում է․

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հերթական անդամը՝ Արտաշես Ջավադյանը, հրաժարվել է մանդատից: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արտաշես Ջավադյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Միայն օգոստոս ամսվա ընթացքում  ավագանու «Իմ քայլը» խմբակցության 3 անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել: 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ 2020-ի մարտին ավագանու մանդատ ստացած Հռիփսիմե Հունանյանը հրաժարվել էր  մանդատից, քանի որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո պատգամավոր էր դարձել: Օգոստոսի 10-ի արտահերթ նիստում Հայկ Մարությանը հայտնեց, որ իրենց ընտրական ցուցակով հերթական հաջորդ թեկնածուն՝ Արտյոմ Հակոբյանը, որը պետք է փոխարիներ Հունանյանին, ևս հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մայրաքաղաքային իշխանությունը չնայած եռամսյա արձակուրդում է, այդուհանդերձ հասցրել է արդեն 3 արտահերթ նիստ գումարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել