168.am-ը գրում է․

Ռուսաստանը չի պնդելու, որ բարելավվեն Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները, եթե Լոնդոնը պատրաստ չէ դրան: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել է, որ Լոնդոնն ստիպված կլինի Աֆղանստանի շուրջ բանակցություններին ներգրավել այն երկրները, որոնք ազդեցություն ունեն «Թալիբան»-ի վրա, մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը, «որքան էլ որ դա հարմար չլինի»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել է, որ Բրիտանիան լուրջ «խափանարար դեր» է խաղում Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում:

Նրա խոսքով՝ բրիտանացիներն «իրենք չեն խուսափում շփումից, բայց մյուսներին փորձում են դրանից ետ պահել»:

«Ես ջանում եմ իմ ուժերի չափով ամեն բան անել, որովհետեւ դեսպան եմ: Բայց ես չեմ պնդում, եթե Բրիտանիան պատրաստ չէ դրան: Մի քանի օր առաջ նախարարը (Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը) հայտարարել է, որ իրեն հարմար չէ Ռուսաստանի հետ Աֆղանստանի իրադրությունը քննարկել: Եթե Մեծ Բրիտանիան պատրաստ չէ, ապա մենք չենք պնդում»,-ասել է դեսպանը BBC հեռուստաալիքով HARDTalk ծրագրին տված հարցազրույցում: Խոսակցության սղագրությունը ՌԻԱ Նովոստիին տրամադրել է ՌԴ դեսպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել