168.am-ը գրում է․

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել իրավապաշտպանների, նախկին ու ներկա ՄԻՊ-երի հետ քննարկելու  ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող առկա հարցերը:

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմը դեռևս ձևավորված չէ, ընտրված է միայն հանձնաժողովի նախագահը: Թովմասյանի խոսքով՝ գալիս են ոչ թե ինչ-որ բան զրոյից սկսելու, այլ նախորդ հանձնաժողովների աշխատանքը շարունակելու համար:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այժմ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցում կա մի քանի մարտահրավեր:

Թագուհի Թովմասյանն առաջինն անդրադարձավ  Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացրած որոշմանը, որով բավարարվեց դատախազության բողոքը և որոշվեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը կիրառել որպես խափանման միջոց:  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ որոշումը կայացվել է առանց ԱԺ համաձայնության ու պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու: Թովմասյանի խոսքով՝ առանց ԱԺ համաձայնության կալանավորված են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության երկու այլ պատգամավոր՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

«Այս դատապարտելի գործելաոճը պետք է խորհրդարանը քննարկման առարկա դարձնի, որովհետև ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին կալանավորելու համար պարտավոր է մտնել խորհրդարան և ստանալ խորհրդարանի համաձայնությունը, ինչպես նաև լսել այն մարդուն, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը… Գլխավոր դատախազի ՀՀ ԱԺ գալը շարունակում է մնալ հրամայական, և մենք պիտի հասնենք դրան, որպեսզի պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, որպես այդպիսին, չզրոյանա, չվերանա»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Խոսելով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժման սահմանափակումների մասին՝ Թովմասյանը հիշեցրեց, որ մասնագիտական հանրույթի հետ քննարկում այդ թեմայով տեղի չի ունեցել, հետևաբար՝ «ստացվում է՝ իշխանությունն ինչ ցանկանում է, այնպես որոշում է, և մնացածը ստիպված պետք է լինեն հաշտվել այդ մտքի հետ»:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ մյուս մարտահրավերն առնչվում է սահմանային բնակչության անվտանգությանը:

«Ուզում եմ արձանագրել, որ մենք այսօր ունենք սահմանային բնակիչների անվտանգության խնդիր: Ես էլ լինելով սահմանամերձ բնակավայրի բնակիչ՝ արձանագրում եմ, որ մենք այսօր ունենք կյանքի իրավունքն իրացնելու լրջագույն խնդիր, և սա, բնականաբար, շատ ավելի մեծ և լայն պայքար է՝ մարդու իրավունքների տեսանկյունից, բայց մենք պիտի այստեղ արդեն պետության հետ հաշտ-համերաշխ կարողանանք քաղաքացու իրավունքն իրացնել, որպեսզի քաղաքացին շարունակի ապրել իր բնակավայրում և շարունակի ազատ տեղաշարժվել այնտեղ, որտեղ ծնվել և մեծացել է, հարկադրված չլինի լքել այդ բնակավայրը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել