168.am-ը գրում է․

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին մարզպետարանի կայքում մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանի վերաբերյալ խմբագրված որոշում է ստորագրել։

ՀՀ կառավարությունը վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին որոշում ընդունել է դեռևս 2011 թվականին, որը վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն այս տարվա օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետարանի կայքում տեղադրված նոր խմբագրությամբ որոշումը անհանգստության պատճառ դարձավ:

Ըստ նշված որոշման, պետք է լինի սահմանամերձ գոտուց ըստ տարիքային խմբերի տարհանված բնակչության հաշվարկ, տարհանված բնակչության տեղաբաշխման հաշվարկ՝ ըստ ընդունման բնակավայրերի, տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկ, տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկ՝ ըստ տարիքային խմբերի, տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հաշվարկ, տուժած բնակչությանը տրվող հագուստի, ներքնազգեստի և կոշիկի ապահովման հաշվարկ, տուժած բնակչության անհրաժեշտ հագուստի և առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման հաշվարկ:

Որոշման մեջ  նշված է նաև  Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ազդարարման սխեման, բժշկական ապահովման ուժերի հաշվարկը, Տավուշի մարզի բնակչության ապահովման հաշվարկը, Տավուշի մարզի տարհանված բնակչության սննդով ապահովման հաշվարկը, Տավուշի մարզի ընդունող բնակավայրերի և ընդունման հավաքակայանների  ցուցակը, Տավուշի մարզի բնակավայրերի ժամանակավոր տեղաբաշխման  և երկարատև բնակության կետերի ցուցակը, Տավուշի մարզի երկարատև բնակության կետերի ցուցակը,  սահմանամերձ 10 կմ-անոց գոտուց տարհանված բնակչության երկարատև կետերի բնակչության ամրագրման հաշվարկը։

168.amի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանն ասաց, որ այս որոշման վերաբերյալ մեկնաբանություններ հեռախոսով չի տա, փոխարենը՝ դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կտարածեն, քանի որ լրատվամիջոցներում այդ որոշման վերաբերյալ տեղեկատվությունները և մեկնաբանությունները խեղաթյուրված են։

«Հիմա մենք պարզաբանում կդնենք  մեր պաշտոնական կայքում։ Այս ամենը բացարձակապես կապ չունի իրավիճակի, սահմանային իրավիճակի հետ, ներկայիս ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակի հետ»,- եզրափակեց Վալեր Օրդյանը։

Ի դեպ, հանրության շրջանում այս որոշումը տարակուսանք է առաջացրել, քանի որ մարզպետի եղբայրը՝ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ Տավուշում ադրբեջանական հողեր կան, Ադրբեջանում էլ հայկական հողեր կան։

Հիշեցնենք, որ պատգամավոր Վահե Ղալումյանը մայիսի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, գյուղերի փոխանակման կամ հանձնման մասին չէ։

«Ես տեսել եմ մամուլում գոյություն ունեցող փաստաթուղթը։ Ես իրավասու չեմ այդ ամենը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չի ուղղված, և փաստաթղթի մասին այնքանով գիտեմ, որքանով դուք գիտեք։ Եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթն ամբողջական տարբերակն է։ Փաստաթղթում գյուղերի հանձնման մասին բան չկա։ Դրանով հանձնաժողով է ստեղծվում, որի գործունեությունը միտված է նրան, որ լուծի սահմանային խնդիրներ։

Գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի, խոսքը վերաբերում է հանձնաժողովի ստեղծման մասին։ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ, և կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են… Խոսքն անկլավների մասին է՝ Ոսկեպար, Բարխուդարլու, և այլն, քարտեզով դա ադրբեջանական տարածք է նշված։ Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք»,- ասել էր իշխանական պատգամավորը։

Տավուշի մարզպետի ստորագրությամբ հրապարակված որոշումը հանրության շրջանում  որոշակի անհանգստության պատճառ էր նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ կառավարության ծրագրի այն հատվածը, որ վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին:

«Մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Կրկին ուզում եմ ընդգծել նախկինում մեր արտահայտած դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում:

Հ․Գ․ Քիչ առաջ Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել, որում ասված է․ «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել