168.am-ը գրում է․

Մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Միգրանտները, որոնք անօրինականորեն փորձել են Բելառուսից անցնել Լեհաստան, նստած են հենց գետնին: Երկու կողմի սահմանապահները թույլ չեն տալիս նրանց ոչինչ փոխանցել: Օգոստոսի 19-ին իրավապաշտպաններին հաջողվել է միգրանտներին մի քիչ ուտելիք եւ ջուր փոխանցել: Լեհաստանի սահմանապահների տվյալներով, սահմանին գտնվող բոլոր միգրանտները աֆղանցիներ են:

ՌԻԱ Նովոստիի թղթակցի դիտարկմամբ, սահմանին գտնվող անօրինական միգրանտների շրջանում չկան կանայք ու երեխաներ. նրանք հիմնականում երիտասարդ տղամարդիկ են: Լեհական կողմից նրանց շրջապատել են Սահմանային պահպանության աշխատակիցները: Մյուս կողմից իրենց պահպանաջոկատն են կանգնեցրել բելառուսական ուժայինները: Երկու պահպանաջոկատների մարտիկները զինված են ավտոմատներով: Դրա հետ մեկտեղ լեհական կողմը պնդում է, որ միգրանտները գտնվում են Բելառուսի տարածքում»:

Տեղի Սահմանային պահպանության բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Կատաժինա Զդանովիչը ՌԻԱ Նովոստիի թղթակցին հայտարարել է, որ «շուրջ 30 մարդ գտնվում է բելառուսական կողմում»:

Նրա տվյալներով՝ բելառուսական իշխանությունները թույլատրել են Բելառուս վերադառնալ կանանց ու երեխաներին: Իրադրությունը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին սրվել է վերջին ամսին: Լեհ սահմանապահների տվյալներով, միայն ընթացիկ տարվա օգոստոսին 1935 մարդ Է փորձել անօրինականորեն հատել սահմանը:

Ընդ որում սահմանապահները կանխել են 1175 մարդու կողմից սահմանը հատելու փորձերը, իսկ 760 օտարերկրացիներ ձերբակալվել եւ ուղարկվել են փակ կենտրոններ:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել