Պոմպեյն իրական նվեր է պատմաբանների համար, քանի որ այդ յուրօրինակ քաղաքում կյանքը վերացել է մի ակնթարթում։ Սակայն այդ կյանքի մասին մինչ օրս նոր տեղեկություններ են ստացվում, ներառյալ՝ առօրյա կյանքի ու կենսակերպի մասին։ Դրանցից մեկին զբոսաշրջիկներն անձամբ կարող են ծանոթանալ․ քաղաքում բացել են հին հռոմեական ֆասթ-ֆուդի կետ։ 

Պոմպեյը Վեզուվ հրաբխի ժայթքման «զոհն» է դարձել 79 թ․։ Մարդկային հսկայական ողբերգությունը հնէաբաններին օգուտ է տվել․ շնորհիվ այն բանի, որ քաղաքն ամբողջովին ծածկվել է հրաբխային մոխրի հաստ շերտով, դրա տակ գտնվող ամեն բան հրաշալիորեն պահպանվել է։ 

Պահպանված հռոմեական արագ սննդի կետը կոչվում է տերմոպոլիա։ Այստեղ քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել ճաշելու կամ իրենց հետ վերցնելու համար որևէ բան պատվիրելու․ սննդի արագությունն ու հարմարավետությունը գնահատվում էր անգամ Հռոմում։ 

Տերմոպոլիան դասական ֆասթ-ֆուդի օրինակ էր։ Դրա այցելուները հիմնականում միջին խավի անձինք էին, իսկ սննդի գները՝ մատչելի։ Հասարակ ժողովուրդը հիմնականում այցելում էր տերմոպոլիաներ, քանի որ խոհանոց կառուցելը շատ ավելի թանկ կարժենար, քան ամեն օր արագ սնունդ ընդունելը։ Հարուստ բնակիչները, ամենայն հավանականությամբ, նման վայրեր չէին այցելում։ Պահպանված տերմոպոլիայում անգամ սննդի մնացորդներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ խմիչքի կժերի մեջ հայտնաբերվել են լոբու հետքեր։ Լոբին նախկինում ավելացնում էին գինուն՝ դրա գույնն առավել պայծառ դարձնելու համար։ 

Սննդի նման կետերը քաղաքում քիչ չէին։ Հայտնաբերվել է առնվազն 80 կետ, սակայն որոշ պատմաբաններ կարծում են, որ արագ սննդի կետերը 150-ից ավելի են եղել քաղաքում։ Այսօր զբոսաշրջիկներին հասանելի տերմոպոլիան իսկապես յուրահատուկ է․ սնունդը վերցնելու համար նախատեսված պատը պատված է կենդանիներին որմնանկարներով։ Հնարավոր է՝ հենց այդ կենդանիների միսն էլ օգտագործել են խոհանոցի մենյուում։ Բացի մսի ֆասթ-ֆուդի կետերում առաջարկել են նաև աղի ձուկ, հաց, ապխտած պանիր, ոլոռի խյուս և գինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել