168.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթի քննությունը: Կարգապահական վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ արդարադատության նախարարի պաշտոնակատարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝  քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ: Երկու միջնորդությունն էլ մակագրվել են Արման Հովհաննիսյանին: Միջնորդությունները քննության առնելուց հետո  Հովհաննիսյանը  մերժել էր դրանք։

Արդադադատության նախարարության ներկայացուցչի՝ ԲԴԽ-ում միջնորդությունը ներկայացնելուց հետո, դատավոր Արման Հովհաննիսյանը խորհրդի կազմին խնդրեց անցկացնել փուլային քննություն ու ներկայացրեց հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը: Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը միջնորդության հիմքում դրել էր կարգապահական վարույթի հարուցման որոշման անօրինականությունը:

Միջնորդությունը ներկայացնելու հիմքում Հովհաննիսյանը նաև դրել էր ԲԴԽ 2020թ. հունիսի 13-ին կայացրած մի որոշում, որում ԲԴԽ-ն նշել է, որ կարող է ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ կողմի միջնորդությամբ անդրադառնալ հարուցված վարույթի օրինականությանը, ու այդ որոշմամբ քննարկելով հարուցման օրինականությունը՝ գտել էր, որ կա արդար դատաքննության իրավունքի խախտման խնդիր, ու վարույթի՝ ըստ էության քննարկում չի իրականացրել:

«Գտնում եմ, որ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումն ապօրինի է, տեղի է ունեցել օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատարանի անկախությունը խախտելու և կամայականության արգելքի սկզբունքների խախտում»,- միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը, ապա նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի՝ արդարադատության նախարարի որոշումը ներկայացվող միջնորդությունը մերժելու մասին:  Դատավորի մեկնաբանությամբ նման իրադրությունում իրավասու մարմինը քննվող միջնորդության ուղղակի շահագրգիռ կողմ է եղել:

«Իմ կողմից կայացվող որոշումը չի համապատասխանել նախարարի իրավական սպասումներին, այդ պայմաններում նրա կողմից կարգապահական վարույթի հարուցումը անաչառ դիտորդի տեսանկյունից կարող է համարվել կողմնակալ, իսկ ամենակարևորը՝ դատարանի գործունեությանը միջամտելու առնչությամբ ողջամիտ կասկածներ հարուցել: Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդության ներկայացման մերժման պատճառով վերջինիս կողմից վարույթի նախաձեռնումը չի համապատասխանում իրավական տրամաբանությանը, իսկ նման միտումը, հնարավոր է՝ հանգեցնի այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ դատավորները կարող են կաշկանդված լինել արդարադատության նախարարի կողմից ներկայացվող միջնորդությունը մերժելու հարցում»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը՝ ստեղծված իրավիճակը  համեմատելով այն դեպքի հետ, երբ, օրինակ, դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու ընտրական հնարավորություն տրվի դատախազությանը:

Հովհաննիսյանի միջնորդությունը լսելուց հետո ԲԴԽ-ն հետաձգեց  նիստը՝ միջնորդությանը ծանոթանալու նպատակով: Լրագրողների հետ զրույցում էլ Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիտարկումը, թե նման պրակտիկան կհանգեցնի դատարանի անկախության խաթարմանը:

«Այո, օրենսդրական արգելք չկա, բայց իրավական տրամաբանությունից չի բխում սա, և այստեղ կա շահագրգիռ կողմ լինելու հանգամանքը, և ցանկացած օրենսդիր չէր կարող նախատեսել շահագրգիռ կողմ լինելու պայմանը, քանի որ դա արդեն իսկ միջազգային իրավունքի նորմերով է կարգավորված, ներպետական օրենսդրությամբ է կարգավորված, նույն ինքնաբացարկի ինստիտուտի գաղափարը: Այսինքն՝ որևէ ձևով կասկածի տակ պետք է չդրվի՝ ինչպես հարուցված վարույթը, այնպես էլ՝ իմ վերաբերյալ քննվող մարմինը, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքի հետ կապված: Եվ ես այդ տրամաբանությամբ եմ ներկայացրել իմ միջնորդությունը, որ, այո, արգելք չկա, բայց նախարարը կողմ է և ունեցել է շահագրգռվածություն, և անկողմնակալ դիտորդի մոտ առնվազն հարցեր է առաջանալու, թե ինչպես եղավ՝ իր միջնորդությունը մերժվեց, որից հետո հենց ինքն իր նախաձեռնությամբ հարուցեց կարգապահական վարույթ:

Ես ինքս գտնում եմ, որ դատավորի կայացրած որոշման համար, իր մտքերի, մոտեցումների, վերլուծությունների համար կարգապահական վարույթ հարուցելը սխալ է, որովհետև դա ուղիղ կաշկանդում է դատավորին: Դատավորը իր որոշման համար պետք է չենթարկվի պատասխանատվության: Այլ բան է, կարող է ինչ-որ ծայրահեղ իրավիճակ լինել, դատավորը իր որոշման մեջ այնպիսի նորմի հղում տա, որ այդ նորմը, օրինակ, 10 տարուց ավել գոյություն չունի, այնպիսի բաներ, որոնք ինչ-որ անգրագիտության հավասար կլինի: Բայց եթե խոսք է գնում դատավորի մոտեցման մասին, դիրքորոշման, վերլուծության ու դրա արդյունքում կարգապահական վարույթ, ես սխալ եմ համարում…

Սա ուղիղ միջամտություն է դատավորի անաչառ աշխատանքին, անկախության սկզբունքն է խախտվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել