Երեկ ինձ գրել էր Առուշանյան Դավիթի զինվորներից մեկը, ով ևս մասնակցել է պատերազմին, ու ցանկացավ անանուն մնալու պայմանով մի քանի դրվագ պատմի իր կամբատի մասին, որ բոլորն իմանան ու հիշեն, թե ինչ տեսակ սպա էր Դավիթը, ինչ տեսակ մարդ էր նա։ Մեջբերում եմ իր գրածը՝ մի փոքր սրբագրած, ազգանունն էլ փոխած։
«Ինքն իր բնույթով միակ սպան էր երևի, որ ամեն հարցով զինվորի կողքին էր, եթե իր գրպանից չծախսեր զինվորի համար, ապա հակառակը հաստատ չէր լինի։ Նույնիսկ 1 դրամի մինուս թույլ չէր տալիս։ Բոլոր սպաները առհասարակ ժամը 6֊ին տուն էին գնում, Առուշանյանը փակվում էր սենյակում ու մինչև 9-10-ը աշխատում, ուսումնասիրում էր հակառակորդին։ Կռիվը սկսվելուց 6 ամիս առաջվանից գրեթե ամեն օր շարում էր ու ասում. «Շուտով պատերազմը սկսվելու ա, լավ նայեք ձեր տեխնիկաներին»։ Ասում էր. «Մեր մի զինվորին բաժինա հասնում թուրքի 10 զինվոր, մինչև 10 հոգու գոնե չմոռթեք, չմտածեք թեկուզ վիրավորվելու մասին»։ Սեպտեմբերի 27-ին, երբ բարձրացանք մեր կենտրոնացման շրջանը, վաշտին շարեց ու հարցրեց՝ «Թաշչյան, եթե Գալստյանի տեխնիկան մարտի ընթացքում խփեն, ի՞նչ կանես»։ Թաշչյանը, ով ընկերս էր, ասեց. «Կկանգնեմ, կհանեմ Գալստյանին տեխնիկայի մեջից»։ Դավիթն էլ ասեց. «Էդ ժամանակ ես կկրակեմ քո վրա։ Եթե մենք խնդիր ենք ստանում, էդ խնդիրը յուրաքանչյուրիս կյանքի գնով պիտի կատարենք»։ Ու կատակով շարունակեց. «Բայց, եթե մեկիդ մազը ծռվեց, ձեռքիցս չեք պրծնելու»։ Ասում էր՝ առանց հրամանի ոչ մեկդ առաջ չգնաք, միշտ դիմացներդ ուշադիր կզննեք, էլի եմ ասում՝ մարդ չլինի գլուխը տնգի ու գնա առաջ։
Իսկ արդեն Մատաղիսի ճանապարհին հետի նշանառուն պատմում էր, որ դուրս էր գալիս տեխնիկայից, նայում կողքերը ու ասում. «Ստեղ սաղ թփերն ու ծառերը անգիր գիտեմ, դուխդ չգցես հանկարծ, սաղին կոտորելու ենք»։ Մինչև Դավիթի դին հայտնաբերելը ոչ մեկս չէինք հավատում, որ ինքը կարար զոհվեր, վաշտից առաջինը ես իմացա անհետանալու լուրը, ու կարամ ասեմ, որ դրանով գումարտակի մեջքը կոտրվեց...
Մի դրվագ էլ հիշեցի, որ դեռ պատերազմը չսկսված վաշտով գիշերային հրաձգության էինք։ Բնականաբար սկզբից մինչև վերջ հետներս էր ու հետևում էր արդյունքներին։ Վաշտը վատ կրակեց այդ օրը... Հրաձգարանը մոտ էր զորամասին, զորամաս վերադառնալու ժամանակ արդեն գիշերվա 1-2-ն էր, ինձ շարքից կանչեց ու ասեց. «Գալստյան, հեսա դու էլ ընտանիք ու երեխա կունենաս ու կհասկանաս, թե ինչ եմ զգում ես, որ տղայիս ծնունդի օրը ժամը 12-ին ինձ էին սպասում, ես չգնացի, մնացի վաշտիդ հետ, որ կրակային անեք, բայց դուք սենց վատ կրակեցիք։ Էդ օրը Առուշանյանի փոքր տղայի 1 տարեկանն էր...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել