Lurer.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ թեժ վիճաբանություն սկսվեց ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարբերաբար հանգստության կոչ էր անում իշխանական պատգամավորներից մեկին․ «Նարե՛կ, Նարե՛կ, մի հատ Նարեկին հանգստացրեք հլը, Նարեկ Գրիգորյան վեր չկենաս տեղիցդ»,- Սիմոնյանը հորդորում էր պատգամավորին զսպվածություն դրսևորել։ 

Թեև ԱԺ ուղիղ եթերը ցույց չէր տալիս, թե ինչ է կատարվում դահլիճում և ովքեր են միջադեպ հրահրող պատգամավորները, սակայն լրագրողների կողմից օթյակից նկարահանած կադրերից երևում է, որ դրանց շարքերում առաջիններից մեկը հենց իշխանական թիմի ներկայացուցիչներից Նարեկ Գրիգորյանն է, որին այդքան նկատողություն էր անում Ալեն Սիմոնյանը։ Գրիգորյանը ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս լրագրողներին հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է այդքան նյարդային։ 

Նշենք, որ Նարեկ Գրիգորյանը ՔՊ-ական այն պատգամավորն է, որին հանրությունը սկսեց ճանաչել այն բանից հետո, երբ երեկ ԱԺ-ում ելույթ ունենալիս սեպտեմբերին «սեԿտեմբեր» ասաց․ «Վաղը սեԿտեմբերի մեկ ա, մենք ունենք կրթության․․․ կրթության․․․ սեկտեմ․․․ հա, կրթության որակի բարելավման, բարձրացման խնդիր»,- ասել էր Նարեկ Գրիգորյանը։ Ի դեպ, Նարեկ Գրիգորյանը դասվում է անհասանելի պատգամավորների շարքին, երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էինք կապ հաստատել նրա հետ՝ տեղեկանալու՝ արդյոք «սեԿտեմբեր»-ը լեզվի սայթաքում էր, թե ոչ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանի նիստում իր ելույթում ընդգծեց` կապիտուլյանտ, հողատու արտահայտությունները անձնական վիրավորանք չեն, այլ` քաղաքական գնահատական: ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը տեղից արձագանքեց, նա կանգնել ու գոռգոռում էր, որից հետո ընդդիմադիր պատգամավորները ևս սկսեցին գոռգոռալ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, ապա հրահանգեց անջատել եթերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել