Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանում ընթացող ՀՀ սահմանների վերաբերյալ քննարկումների արդյունքը չի կարող լինել ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ բանակցություններ են ընթանում Մոսկվայում։

«Ռուսաստանում քննարկվում են մեր սահմանների հետ կապված խնդիրներ, որին մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա, գուցե` բարձրաստիճան։ Բնականաբար, ոչ ոք ԱԺ–ի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել, և վերջին հաշվով այդ ամենը քննարկվելու է նաև ԱԺ–ում, եթե դրա կարիքը լինի»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել