Lurer.com-ը գրում է.

Պատգամավորին նկատողություն անելու արտահայտություն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն ընդհանրապես չի պարունակում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Չգիտեմ՝ նրանց ով է դա հուշել։ Կան կարգապահական միջոցներ, որոնք սպառիչ թվարկված են և դրանց կիրառման կարգն ու պայմաններն էլ են թվարկված, ինչը որևէ կերպ չի կարող ԱԺ նախագահի, փոխնախագահների ցանկությամբ կամ երեկոյան տեսած երազանքների շրջանակում լինել։ Փաստորեն Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառն արտասանելը վիրավորանք է։ Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված պետություն է»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ԱԺ նախագահության այն ակնարկին, թե պատգամավորին իրենց խմբակցությունում ևս պետք է սաստեն, Աննա Մկրտչյանը նշեց, որ իրենց խմբակցությունը և առհասարակ ընդդիմությունը միասնական է:

«Չենք պատրաստվում նրանց քմահաճույքներով առաջնորդվել ու ասել՝ ոնց է ձեզ հարմար, ձեզ ոնց դիմենք։ Այս երկրում չկա «պարոն վարչապետ», չենք ասում։ Երբ կլինի «պարոն վարչապետ»-ին համապատասխան սուբյեկտ, այդ պաշտոնը կստանձնի մարդ, որն այս երկրի ինքնիշխանության համար կպայքարի, այդ ամեն ինչը կանենք»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ, պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատողություն հայտարարեց նրան, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց պատգամավորի խոսափողը, քանի որ վերջինս իր ելույթում օգտագործել էր «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել