Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահների գործողության անցկացման գոտում ՄԱԿ գործակալությունների և մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նաև շեշտել է, որ այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել