Hraparak.am-ը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանը  2018 թվականի վերջին հայտարարագրել է 1 մլն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար:

Կարապետյանը որևէ տեղեկություն չի ներկայացրել, թե ինչ անշարժ կամ շարժական գույքի սեփականատեր է։

2018-ի հարկային տարում նա ստացել է 2 մլն 589 հազար դրամ եկամուտ։ 2018-ի՝ պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած հայտարարագրում Կարապետյանը հայտարարագրել է նաև «Աուդի Q5» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ` 2 հողամաս, անհատական բնակելի տուն, հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և 1 ամառանոց՝ Կոտայքի մարզում։

2019-ի ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արշակ Կարապետյանը հարկային տարվա ավարտին իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 571 հազար դրամ գումար և 89 եվրո, իսկ կանխիկ՝ 800 հազար դրամ և 7 հազար 200 դոլար գումար։

2019-ին Արշակ Կարապետյանը ստացել է 10 մլն 523 հազար դրամ եկամուտ, դրան գումարած` նաև 2 մլն 101 հազար դրամ կենսաթոշակ։ 2020-ին Արշակ Կարապետյանի բանկային հաշիվները ունեցել են հետևյալ տեսքը․ 923 հազար դրամ, ևս 136 հազար դրամ, 47 եվրո, 93 դոլար, կանխիկ միջոցները՝ 800 հազար դրամ, 7 հազար 200 դոլար։

2020-ին Արշակ Կարապետյանի ստացած կենսաթոշակը կրկնապատկվել է, կազմել է 4 մլն 400 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ թոշակից զատ, 10 մլն 721 հազար դրամ։
Արշակ Կարապետյանին որպես փոխկապակցված անձ է ներկայացվում նրա կինը՝ Ռոզա Կարապետյանը։ Ռոզա Կարապետյանը 2018-ին իր բանկային հաշիվներին ունեցել է 9 մլն դրամ գումար և ստացել է 819 հազար դրամ եկամուտ։

Ռոզա Կարապետյանի՝ 2019-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան միանձնյա սեփականությամբ պատկանում է առանձնատուն, հանրային նշանակության շինություն՝ բաժանային սեփականությամբ, 2 հողամաս Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում՝ բաժանային սեփականությամբ։

Ռոզա Կարապետյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա էլ է «Աուդիի» սիրահար և «Աուդի» մակնիշի մեքենա է հայտարարագրել։

2019-ի վերջում Ռոզա Կարապետյանը կանխիկ ունեցել է 4 մլն 500 հազար դրամ, «Էլկոմպ» ՍՊԸ-ից ստացել է 819 հազար դրամ աշխատավարձ և 576 հազար դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացած վճար։

2020-ին նա ներկայացրել է գրեթե նույն հայտարարագիրը, փոփոխություն կա միայն եկամուտների տողում՝ 2020-ին ստացել է 912 հազար դրամ աշխատավարձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել