Lurer.com-ը գրում է.

«2018 թվականին արտաքին հարաբերությունների նիստում Ռուբինյանը պնդել է, որ ծանոթ չէ որևէ պաշտոնական հայտարարության, ըստ որի ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային կողմ»։ Այս մասին ասյօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին:

Մամիջանյանը հարցրեց՝ պատրա՞ստ է արդյոք հիմա հրապարակային հերքել իր իսկ խոսքերը և ընդունել, որ Կազանի փաստաթղթով հետագա փուլում նախատեսված էր, որ ԼՂ-ն որպես լիիրավ կողմ, մասնակցելու էր բանակցային պրոցեսին։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նախ շնորհավորեց Մամիջանյանին՝ ԱԺ պատգամավոր դառնալու առիթով. «Ես ներողամտությամբ եմ վերաբերում ձեր՝ ոչ կոռեկտ պահվածքին, որովհետև կարծում եմ, որ երիտասարդ պատգամավորներին պետք է խրախուսել և ներողամիտ լինել»։

Պատասխանելով բուն հարցին՝ Ռուբինյանը նշեց, որ կազանյան փաստաթուղթը չի ստորագրվել ու նախատեսվածը պաշտոնական ծրագիր չէ։

«Նույնիսկ եթե ստորագրվեր, ԼՂ ներկայացուցիչը մասնակցեր բանակցություններին՝ կնշանակեր, որ կիսալուծված իրավիճակում կեսից ինչ որ մասնակցություն են ունենում»։

Մամիջանյանը արձագանքեց՝ ցավակցում է ՀՀ քաղաքացիներին՝ ՔՊ խմբակցության որոշ անդամների՝ պատգամավոր լինելու կապակցությամբ։

«Առաջին անգամ եմ իմ տարեկիցից լսում երիտասարդ եզրույթը, բայց ոչինչ»,- ասաց Մամիջանյանը, իսկ Ռուբինյանը հավելեց՝ դեռ շատ բաներ կլսեն։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ ինչ վերաբերում է ոչ կոռեկտ պահվածքին՝ դեռ ոչ կոռեկտը չեն լսել՝ դեռ կհասցնեն։ Մամիջանյանը պնդեց՝ լավ տեսել են՝ ինչ են բանակցել նախորդները և ինչ բանակցեցին ու հանձնեցին գործողները։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել