Դժվար է պատկերացնելը, սակայն անգամ մեր օրերում գոյություն ունեն մարդիկ, որոնք ապրում են քարանձավերում։ Մոտ 20 չինացի ընտանիք մշտական բնակություն է հաստատել Չժունդուն բարձրադիր քարանձավում կառուցված գյուղում։ Նրանց առաջարկել են տեղափոխվել բարեկարգ տներ, որից, սակայն, հրաժարվել են։ 

Չժունդուն գյուղը միակ քարանձավային բնակավայրն է աշխարհում, որտեղ կլոր տարին մարդիկ են բնակվում։ Այն իրենից ներկայացնում է բնական կազմավորում, որն առաջացել է քամիների և ջրի հոսքի արդյունքում։ Հսկայական քարանձավում ամբողջական գյուղ է տեղավորված՝ փողոցներով, դպրոցով, բասկետբոլի հրապարակով։ Բնակիչները հնարավորության չափով փորձում են կազմակերպել իրենց առօրյան՝ հույս չդնելով իշխանությունների վրա։ 

Աշխատանք չկա, այդ իսկ պատճառով բնակիչներն զբաղվում են լեռան ստորոտին անասնաբուծությամբ և հողագործությամբ։ Դեպի գյուղ տանող գեղատեսիլ և շատ երկար ճանապարհ կա։ Քարանձավը գտնվում է 1800 մ բարձրության վրա, այդ իսկ պատճառով վերելքն ու վայրէջքը եծ խնդիր են։ Խանութ կամ հիվանդանոց հասնելու համար նեղ քարե արահետով մի քանի ժամվա ճանապարհ է հարկավոր անցնել։ Նախկինում երեխաներն այդ արահետով դպրոց էին գնում՝ օրվա կեսը ճանապարհին անցկացնելով։ Այժմ իրավիճակը մի փոքր փոխվել է․ բնակավայրում կա էլեկտրականություն, համացանց և դպրոց։ 

Գյուղացիների տներն առանց տանիքների խրճիթներ են, որոնք պաշտպանում են քարանձավի առաստաղները։ Որոշ բնակիչներ կարողացել են գնել լվացքի մեքենաներ և հեռուստացույցներ, բջջային հեռախոսներ։ Քնում են անմիջապես գետնին, սնունդը պատրաստում են խարույկի վրա։ 

Նման պայմաններում ապրելուն օգնում է զբոսաշրջությունը։ Հետաքրքրասեր զբոսաշրջիկներն այցելում են գյուղ՝ տեսնելու, թե ինչպես են ապրում քարանձավի բնակիչները։ Որոշները հուշանվերներ են գնում, որոնք պատրաստվել են բնակիչների ձեռքերով։ 

Չինաստանանի կառավարությունը փորձել է մարդկանց բարեկարգ տներում տեղավորել, սակայն վերջիններս հրաժարվել են փոխել իրենց բնակության վայրը։ Ըստ նրանց՝ իրենց գյուղում պայմաններն ավելի լավն են։ Նրանք իշխանություններին խնդրում են միայն ճանապարհ կառուցել, որպեսզի հեշտությամբ կարողանան հասնել քաղաք և հիվանդանոց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել