Տոկիոյի Օլիմպիական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63 կգ)։
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում մենամարտեց 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ եւ տարավ տպավորիչ հաղթանակ՝ 4։1։
Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին (4:1), թեեւ Բաչկովը բավական ակտիվ էր: Երկրորդ ռունդում Հովհաննես Բաչկոն ավելացրեց ճնշումը եւ առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ 5։0: Որոշիչ ռաունդում Բաչկովը մի քանի դիպուկ հարվածներով առաջ անցավ հաշվի մեջ: Այս ռաունդում էլ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին՝ 4։1:
Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երեւանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։
Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երեք մասնակիցներից պայքարը շարունակում է նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը օգոստոսի 1-ին քառորդ եզրափակիչում կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ:
Արման Դարչինյանը հուլիսի 29-ին 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ
Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:
Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 63 կգ քաշային կարգ
Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։
Անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Հովհաննես Բարկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հովհաննես Բաչկովը հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ 2020 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ։ Առաջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9–ին Դուբայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։
Երկրորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում #MTKFightNight երեկոյի ընթացքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։
Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի վարկանիշով։ Իր քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է։ Ուղեգիրը հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ին։