Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ–ն  հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։

Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Մոսկվայում մտադիր են ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ ։

Ռուսաստանի ԱԳՆ - ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել