Armenpress.am-ը գրում է․
Փելոունի ուղղման ընդունումը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հստակ ուղերձն է Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն ավարտին հասցնելու և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրո Մանոյանը կարևորում է Կոնգրեսի 907-րդ բանաձևի վերականգնումը:
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը և Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Բայց առավելապես կարևոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը:
«Պալատներից յուրաքանչյուրը, նախ, իր տարբերակն է քվեարկում, հետո միացյալ հանձնախումբ կամ հանձնաժողով է ստեղծվում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացությունը՝ վերջնական, միացյալ տարբերակը, կրկին կգնա երկու պալատների հաստատման», - բացատրեց մեր զրուցակիցը:
Մանոյանը պարզաբանեց՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բավարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկում են միայն այն հատկացումների վերաբերյալ, որոնք նախատեսված են բյուջեով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանության դեպարտամենտի լիազորությունն է ԱՄՆ օրենսդրության 333-րդ հոդվածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ հատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:
Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ ասում է, որ եթե նաև հաջողվի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձևի վերագործարկմանը, ապա այլևս ոչ մի տեսակի ռազմական օժանդակություն չի գնա Ադրբեջան:
«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրավունք ունեն նաև բանաձևի տեսքով ընդհանուր բյուջեի փոփոխման վերաբերյալ առաջարկներ անել: Կա համապատասխան հանձնաժողով, որը որոշում է, թե որ առաջարկները որպես բարեփոխում պիտի ներկայացվեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում», - պարզաբանեց Կիրո Մանոյանը:
Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փելոունի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ Փելոունի ուղղումը վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը:
Կոնգրեսական Ֆրենկ Փելոունը իր ելույթում ասել է, որ առաջարկված ուղղման ընդունումը ցույց կտա, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է Բաքվի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես երբ այդ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:
Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության Աջակցության Ակտի» այսպես կոչված «907 հատվածը» (Section 907), որն ավելի շատ հայտնի է իբրև 907-րդ բանաձև, արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ բանաձևի շրջանցումը շարունակվել է իներցիայի ուժով:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից: