Pastinfo.am-ը գրում է.
Երկրորդ անգամ թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատակիցները ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ աշխատակաիցները տարհանվել են այն ժամանակ, երբ որ սկսվել են անկանոն կրակոցները։
«Հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր աշխատակիցները հրատապ տարհանվել են և տվյալ պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով»։
Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում մոտ 150 մարդ, նրանք բոլորը տարհանվել են։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ևս Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։