Շիրակի մարզի շրջանավարտ ոսկե մեդալակիրներին հուլիսի 27-ին հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մարզի դպրոցականները 2020-2021 թվականների ուստարում նվաճել են 32 ոսկե մեդալ:

Ողջունելով ու շնորհավորելով մեդալակիրներին՝ Շիրակի մարզպետը նրանց մաղթեց մեծ ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ՝ հորդորելով շարունակել սովորել ու գիտելիքներն ի նպաստ դնել Հայաստանի Հանրապետության ու Շիրակի մարզի զարգացմանը․ «Ձեր այս նվաճումը պատվաբեր է ինչպես ձեր, ձեր ծնողների, ուսուցիչների և ուսումնական հաստատությունների, այնպես էլ Շիրակի մարզի համար։ Ոսկե մեդալը ձեր մեծ հաղթանակներից ամենափոքրը պետք է լինի: Այն դուք հաղթահարեցիք ամենայն պատասխանատվությամբ, հետագայում էլ եղեք նույնքան ինքնավստահ ու գիտության, մասնագիտության մեջ էլ հասեք շատ մեծ բարձունքների: Մեր երկրին պետք են դրանք։ Ես վստահ եմ՝ դուք կհաղթահարեք ցանկացած փորձություն: Միայն հիշեք, որ ձեր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները պետք են մեր երկրին, մեր մարզին։ Իսկ որ դուք շատ կարևոր նախաձեռնությունների ու նորարարությունների հիմքում դեր եք ունենալու՝ դրանում կասկած չունեմ։ Կանաչ ճանապարհ ու բարի երթ ձեզ»։

Մարզպետը հուշանվերներ հանձնեց մեդալակիրներին և հետաքրքրվեց նրանց առաջիկա անելիքներով և ուսմանը վերաբերող հարցերով։

Շիրակի մարզում մեդալակիրների թվով առաջատարը Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է՝ 9 մեդալակիր, այնուհետև Գյումրու Ակադեմիական վարժարանն ու թիվ 26 ավագ դպրոցը՝ 5-ական, 4-ական մեդալակիրներ ունեն Գյումրու տնտեսագիտական վարժարանն ու Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, 2 մեդալ՝ թիվ 1 ավագ դպրոցը, 1-ական էլ՝ Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան և Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցներն ու Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել