168.am-ը գրում է․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ երեկ ադրբեջանական կողմը գերեվարել էր Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակչի:

«Նրան ծեծի և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկել, ինչի հետևանքով, ինչպես վկայում են բժիշկները, վնասվել է աջ ոտքը, պատռվել է հագուստը: Այս մասին մանրամասն հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»,- ասված էր Հայաստանի ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Նախընտրական շրջանում և դրանից հետո գերիների վերադարձը գործող իշխանությունները որակում էին՝ որպես մարդասիրական քայլ, այնինչ, Ադրբեջանը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով պարտավորվել էր վերադարձնել գերիներին: Ավելին, Ադրբեջանի «մարդասիրական» քայլին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները թշնամուն էին տրամադրում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ականապատ դաշտերի քարտեզները:

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ընդգծեց՝ եթե նոյեմբերի 9-ից հետո ՀՀ գործող իշխանությունը կարծում էր, որ կարող է այդպիսի մեղմ դիրքորոշումը լինել արգասաբեր, արդյունավետ, ապա այսքան ամիսներ անց պետք է հստակեցնել, որ Հայաստանի այսպիսի դիրքորոշումը միայն ոգևորություն է առաջացնում Ադրբեջանի մոտ:

«Հայկական կողմի դիրքորոշումը պետք է հստակեցվի՝ միջազգային պայմանագրերի հիման վրա, ՀՀ քաղաքացին պետք է ոչ թե հույս ունենա, այլ հստակ զգա, որ գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո»,- ասաց նա:

«Մենք ունենք միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ և դրանց օժանդակ արձանագրություններ, որոնց միացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Արցախը: Քչերը գիտեն, որ Արցախը դեռ 92 թվականի հունվարից ուղարկել է այդպիսի նյութեր, որտեղ հստակեցվում է, որ ԼՂՀ-ն ամբողջովին միանում է այդ կոնվենցիաներին: Պատահական չէ, որ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցչությունը բացվել է միաժամանակ Երևանում, Բաքվում, Միրբաշիրում և Ստեփանակերտում: Սա շատ կարևոր է: Ադրբեջանի վերաբերմունքը ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը,  այլ հակադրվում է դրանց, ինչը հանցագործություն է:

Տվյալ դեպքում մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից գործած հանցագործության հետ: Եթե մենք չենք ընդգծում Ադրբեջանի գործած հանցագործությունները, ապա մենք առիթ ենք տալիս Ադրբեջանին՝ շարունակել այդ ահաբեկչական գործողությունները: Ադրբեջանը, հետևողական լինելով, փորձում է մեր ժողովրդի մեջ վախ ու սարսափ ներարկել, ինչի ներքո նրանք պետք է լքեն այդ տարածքները: Դրա համար, եթե պաշտոնական մակարդակներով որևէ կապ կա Արցախի և Հայաստանի ղեկավարության մեջ, ապա Արցախը առնվազն պետք է դիմի ՀՀ-ին՝ որպես ճանաչված երկրի, որ ՀՀ-ն այս հարցը բարձրացնի ցանկացած պատշաճ մակարդակներում և հարթակներում»,- ընդգծեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Լարիա Ալավերդյանի խոսքով՝ անգամ, եթե Արցախը չի դիմում Հայաստանին, ապա որպես հայ ազգի հանդեպ կատարված հանցագործություն՝ Հայաստանը պետք է այդ հարցը բարձրացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել