168.am-ը գրում է.

Իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելը դարձել է այս իշխանության ամենամեծ շնորհը։ Ամեն ինչ փորձում են կեղծել ու ներկայացնել այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։ Ցավն այն է, որ մեր հասարակության մեջ դեռևս կան հազարավոր մարդիկ, ովքեր հավատում են դրան։

Վարչապետից սկսած, նախարարներով վերջացրած, զբաղված են իրականությունը խեղաթյուրելով։

Վերջին շրջանում իր «անգերազանցելի» տաղանդով փայլում է հատկապես էկոնոմիկայի նախարարը։ Նախարար, ով առանձնանում է տնտեսության վերաբերյալ իր պրիմիտիվ մեկնաբանություններով ու իրականությունից կտրված դատողություններով։ Դժվար է հիշել, Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ ունեցե՞լ ենք էկոնոմիկայի այնպիսի նախարար, որն այսքան մակերեսային մոտեցում ունենար տնտեսության ու տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ։

Նախորդ տարվա խորը անկման ֆոնին տնտեսությունը կամ տնտեսության ճյուղերից մեկը 1-2 ամիս կարող է բարձր աճ արձանագրել, դա բավարար է, որպեսզի նախարարն այն դարձնի մատի փաթաթան։ Բայց «մոռանա» ասել, թե այդ աճն ինչի արդյունք է։ Երկու ամիս առաջ հայտարարում էր, որ Հայաստանը վերածվել է շինհրապարակի, հաջորդ ամիս պարզվեց, որ շինարարության ոլորտում ընդհանրապես աճ չկա։

Ի դեպ, ժամանակին ճիշտ այդպես եղավ Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։ Բայց շինարարական բում այդպես էլ տեղի չունեցավ։

Հիմա էկոնոմիկայի նախարարն է խոսում Հայաստանի՝ շինհրապարակի վերածվելու մասին, այն դեպքում, երբ նախորդ տարվա կորցրածը նույնիսկ չենք հասցրել վերականգնել։ Ներդրումների հորդումից էլ չենք խոսում։

Հրապարակվեցին պաշտոնական թվերը, որոնց մեջ այդպես էլ չերևացին, թե որտեղ են հորդացող ներդրումները։ Գուցե նախարարը բարի լիներ անդրադառնալ այդ հրապարակումներին և ցույց տար ներդրումների տեղերը։ Կամ պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ են վերջին 3 տարիներին նվազել մեր երկրում առկա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։

Եթե 3 ամսում 20 կամ 30 մլն դոլարի ներդրումները ներդրումների հորդում է, ապա ի՞նչ պիտի ասել այն ժամանակների մասին, երբ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում հասնում էին տարեկան ընդհուպ մինչև 1 մլրդ դոլարի։

Ներդրումային ծրագրեր գուցե կան, միշտ էլ եղել են, բայց դրանք ոչ մեկի պետք չեն, եթե չեն վերածվում ներդրումների։ Միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին երկար-բարակ հեքիաթներ պատմելուց հետո, վերջում տեսնում ենք, որ ոչ մի ներդրում էլ չկա կամ դրանք մի կաթիլ են մեկ բաժակ ջրում։

Հայաստանը շինհրապարակի վերածելուց և ներդրումները հորդացնելուց հետո, հիմա էլ նախարարը խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին է խոսում՝ չմոռանալով ձեռքի հետ էլ ներկայացնել արտահանման ու աշխատատեղերի հերթական ռեկորդային հաջողությունները։

«2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն ԱՄՆ դոլարը։

2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար՝ կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,- իր ֆեյսբուքյան հերթական գրառումով համացանցը ցնցեց էկոնոմիկայի նախարարը։

Մինչև «աշխատանքի սուր պահանջարկին» ու խոպանչիներին «բերման ենթարկելուն» անցնելը, նախ՝ անդրադառնանք արտահանման ու աշխատատեղերի ռեկորդային աճերին։

Արտահանումն ավելացել է, որովհետև համաշխարհային շուկայում կտրուկ թանկացել են մետաղները։ Անկախ ամեն ինչից՝ դա բերելու էր մեր արտահանման ծավալների ավելացման։ Սա ո՛չ նախարարի, և ո՛չ էլ կառավարության շնորհքն է։

Նախարարի ու կառավարության աշխատանքի արդյունքը երևում է արտահանման կառուցվածքում։

Արտահանման ցուցանիշ հրապարակելու փոխարեն, լավ կլիներ՝ նախարարը ներկայացներ արտահանման կառուցվածքը։ Այդ ժամանակ կպարզվեր, որ մեր արտահանումը նստած է ընդերքի ասեղի վրա, որը միշտ էլ եղել է, բայց հիմա հասել է իսկապես ռեկորդային ծավալների։

Ընդերքի շնորհիվ է նաև այն չնչին աճը, որն արձանագրվում է էկոնոմիկայի նախարարի գլխավորած ոլորտում։ Մեր արդյունաբերությունը, առանց ընդերքի՝ ընդհանրապես աճ չունի։ Նախարարի «փայլուն» աշխատանքի արդյունքը ակնհայտ է մշակող արդյունաբերության մեջ, որտեղ անկումը դեռ պահպանվում է՝ անցած տարվա անկումից հետո։

Էկոնոմիկայի նախարարն աշխատատեղերի նոր ռեկորդից է խոսում, փոխարենը մտահոգվեր աշխատուժի կրճատմամբ։ Կամ թող ասի, թե այդ դեպքում ինչո՞ւ է զբաղվածությունը մեր երկրում նվազել, եթե այդքան աշխատատեղեր են ստեղծվում։ Կամ ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը, ի՞նչ դեր են ունեցել դրանում ընտրությունները։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի տա էկոնոմիկայի նախարարը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է թաքնված նրա կեղծ լավատեսության տակ։

Ինչո՞ւ է ձեզ թվում, թե նախկինում Հայաստանում աշխատատեղեր չեն ստեղծվել կամ աշխատատեղեր չեն ավելացել։

Օրինակի համար ասենք, որ 2017թ. հունվարին եղել է 494 հազար, իսկ դեկտեմբերին՝ 530 հազար հայտարարագրված աշխատող։

Հունվարից մինչև դեկտեմբեր աշխատատեղերն ավելացել են 36 հազարով։ Այսինքն՝ գրեթե այնքան, ինչքան վերջին 2 տարիներին միասին վերցրած։

Ծիծաղելի է, երբ փորձում են տպավորություն ստեղծել, թե մեր երկրում աշխատանքը թափած է, բայց մարդիկ գերադասում են դրսում աշխատել։ Դժվար է պատկերացնել, որ երկրում աշխատանք լինի, խոսքը նորմալ վարձատրվող աշխատանքի մասին է,  ու մարդիկ չուզենան աշխատել, ուզենան դուրս գնալ։

Թափուր աշխատատեղեր, իհարկե, միշտ էլ լինում են։ Բայց դրանք հիմնականում ցածր վարձատրվող ու կարճաժամկետ, երբեմն՝ խիստ մասնագիտական կամ ծանրաբեռնվածությանն ու վարձատրությանն անհամապատասխան աշխատանքներ են, որոնք երբեք էլ չեն կարող գրավիչ լինել։

Ի վերջո, եթե մեզ մոտ այնքան աշխատատեղեր կան, որ աշխատուժի խնդիր է առաջացել, ու խոպանչիներին «բերման ենթարկելու» անհրաժեշտություն կա, ինչո՞ւ է շուրջ 200 հազար մարդ գործազուրկ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել