168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններով լուծվել է ներքաղաքական ճգնաժամը:

168.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք զգո՞ւմ են, որ ճգնաժամ այլևս չկա:

«Ոչ մի բան չի լուծվել, ավելի վատին է գնում: Եթե սենց շարունակվեց՝ Հայաստանում մարդ չի մնալու: Ամեն ինչ թանկանում է, մարդիկ փախնում են, ով մի շանս ունի, ուզում է դուրս եկած լինի երկրից: 10-15 օրից ես էլ եմ իմ ընտանիքով գնալու Մոսկվա, եթե այստեղ լավ լիներ, էլ ինչի՞ պետք է գնայի: Էնքան սուտ են ասել, սուտասան մարդը, որ ասում է՝ տունս վառվում է, ոչ մեկը չի հավատում, հիմա իրենցն է: Պետք է չասեն, պետք է գործով ապացուցեն, որ մարդիկ տեսնեն ու հետ գան կամաց-կամաց: Հավատ չկա»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Իմ կարծիքով, ընթացքում ամեն ինչ կընկնի իրա տեղը, ամեն ինչ միանգամից չի լինում»,- ասաց անցորդներից մեկը:

«Եկեք քաղաքական հարցերի չպատասխանեմ»,- ասաց մի քաղաքացի:

«Ո՛չ, ոչինչ էլ չի լուծվել, ընդհակառակը՝ ավելի վատ է: Բոլոր առումներով ես մտածում եմ, որ ոչ մի խնդիր չի լուծվել, հույս էլ չունեմ, որ կլուծվի»,- ասաց մի կին:

«Իմ կարծիքով՝ ուզում է լուծվել»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ո՛չ, չի լուծվել»:

«Ես չեմ կարող ասել, չեմ զգացել: Թանկացումներ նկատել եմ, բայց եսիմ, նենց շատ վտանգավոր չի, յոլա գնում ենք, առաջվանից որ լավ է հլը որ: Օրինակ, մեքենայի գազն է թանկացել: Սկզբից 110 էր, հետո, չգիտեմ ինչի, գինը բարձրացավ,  երեկ լցրել եմ 250 դրամի»,- ասաց մի տղամարդ:

«Չէ դեռ: Ես իրականության մեջ չեմ տեսնում այն փոփոխությունը, որ վարչապետը, կառավարությունը հայտարարում են։ Ես ունեմ միջին բիզնես, տեսնում եմ, որ այն, ինչ խոսում են, արդյունքն այդպիսին չէ: Ճգնաժամը դեռ շարունակվում է»,- ասաց անցորդներից մեկը:

«Էդ հարցն ուրիշին տվեք, էլի»,- ասաց մեքենան մաքրող մի տաքսիստ:

«Քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ»,- ասաց մի քաղաքացի:

«Եթե չի լուծվել՝ կլուծվի, վարչապետի հույսով եմ այդպես մտածում»,- ասաց մի տղամարդ:

«Ավելի խորացավ ճգնաժամը: Ընտրությունները պատշաճ չեղան, ինչպես որ պետք է լիներ, և բոլորիս հայտնի է, թե ինչ է եղել, մեղմ ասած, կեղծվել են ընտրությունները»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներին նաև հարցրինք, թե իրենց ապահով զգո՞ւմ են Հայաստանում, արդյոք ապահո՞վ են ՀՀ սուվերեն տարածքի սահմանները:

«Այնքանով եմ անվտանգ, որ իմ երկրում եմ, բայց ընդհանուր առմամբ անվտանգությունը հիմա շատ ցածր մակարդակի վրա է ու լուրջ հարցեր է առաջացնում բոլոր բոլորին՝ և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը, և՛ նախկին իշխանություններին: Եթե հետևենք, թե ի՞նչ է կատարվում գեոպոլիտիկ մակարդակում, կարծում եմ, որ այս պահին չի լինի պատերազմ, բայց որ պատերազմ լինելու է՝ վստահ եմ, դա կլինի 5 տարի հետո, թե 10 տարի հետո, դա արդեն կերևա, շատ բան կախված է նաև մեզանից»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես դրսից եմ եկել Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար, ու ինձ թվում է, եթե համակերպվեն, հավատան վարչապետին՝ ամեն ինչ լավ կլինի, եթե բոլորս մտածենք, որ ապահով չի, ու գնանք այստեղից, Հայաստանը կտան թուրքերին»,- ասաց մի անցորդ:

«Հայաստանում անվտանգ զգում եմ, դա միակ կարևոր բանն է: Պատերազմի վտանգ տեսնում եմ, ու դա շատ վատ է ու վախենալու, մարդկանց կեսը հենց դրա խաթր են գնում, մտածում են, որ եթե այդքանը վերցրեց թշնամին, կարող է Երևան էլ մտնեն: Պետությունն անվտանգությունը երաշխավորում է միայն երկրի ներսում, դրսից չէ, որը շատ ցավալի է, վտանգավոր է»,- ասաց մի տղամարդ:

«Հիմա անվտանգ չեմ զգում: Երկրի գործող իշխանությունն էլ, սահմանների վիճակն էլ պատճառ են, որ մենք մեզ անվտանգ չզգանք: Շատ հնարավոր է, որ պատերազմ լինի»,- ասաց մի կին:

«Շատ անվտանգ եմ զգում, պատերազմի վտանգ չեմ զգում, թող փորձվեն նորից, ոչինչ, էսքան տարել ենք, մի անգամ էլ կտանենք, ես 3 պատերազմի մասնակից եմ»,- ասաց մի տղամարդ:

«100 տոկոս անվտանգ չեն: Ես տեսնում եմ՝ մեծ փոփոխություններ կան Ոստիկանությունում, բայց հիմնականում մեր սահմանների անվտանգությունը ոստիկանությունը չի ապահովում, դրա համար ինձ համար շատ մեծ հարցական է, թե ինչո՞ւ Կառավարությունը չի մտածում դրա մասին, նախ պետք է մեր զինուժը բավական հզոր լինի, հետո՝ ոստիկանությունը, քաղաքում մենք էդքան պրոբլեմ չունենք, որքան սահմաններին: Չեմ կարող ասել՝ պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ, բայց դեռ վտանգ կա, դեռ շատ անելիք ունենք, որ մեզ ապահով ու անվտանգ զգանք»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Բացարձակ անվտանգ չեն, ով ինչ ուզում՝ ասում է, ով ուզում՝ մտնում, դուրս է գալիս, ինչ ուզում՝ տանում, բերում, պետական սահման չկա: Գործող իշխանության հետ բացարձակ հնարավոր չէ մեր երկրի անվտանգությունն ապահովել»,- ասաց մի տղամարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել