Pastinfo.am-ը գրում է․

Շիրակի մարզի Ազատան գյուղում շարունակում է արդիական մնալ ոռոգման ջրի խնդիրը, իսկ արդեն փչացած բերքի փոխհատուցման մասին դեռևս տեղեկություն չկա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն ասաց, որ վերջին մի քանի օրը, երբ տեղումներ կային, Կառնուտի ջրամբարը լցրել են և մի քանի օր ոռոգում կազմակերպվել, բայց հիմա կրկին ջրամբարը փակ է։

«Ժողովուրդը հերթի կանգնած, դժվարություններով փորձում է ոռոգել դաշտերը։ Այս պահին ոռոգման ջուրն էլի խնդիր է, ջրամբարում էլի ջուր չկա։ Մի կերպ յոլա ենք գնում, հույս ունենանք, որ մի անգամ էլ եղանակը բարյացակամ կգտնվի, անձրևներ կլինեն, մի կերպ կոռոգենք։

Եղանակային պայմանները հիմա այնպիսին են, որ ջրի պահանջն ավելի է շատանում։ Կար տարի, որ 3-4 անգամ ոռոգելով արդեն սեզոնը փակում էին, իսկ հիմա, եթե այս եղանակային պայմանները շարունակվեն, 8-10 անգամ պետք է ոռոգվի։ Եթե ջուր էլ չլինի, նշանակում է՝ ամեն ինչ կփչանա»,-նշեց Ազատանի համայնքապետը։

Նրա խոսքով արդեն կան ցանքատարածություններ, որտեղ բերքի կորուստ կա։ Վարդան Իկիլիկյանի խոսքով այդ տարածքները կազմում են մոտ 25-30 տոկոսը։ Կան հացահատիկի դաշտեր, որտեղ ընդհանրապես կոմբայն չի մտել, քանի որ ավելորդ էր։ Դաշտեր էլ կան, որ 1 հեկտարից ընդամենը 300-400 կգ-ն էր պիտանի։

Հարցին՝ պետական փոխհատուցում կլինի՞, Վարդան Իկիլիկյանն ասաց.

«Չեմ կարող ասել։ Պետությունը գիտի, մենք չգիտենք։ Մի քանի օր առաջ մարզխորհրդի նիստի ժամանակ հարց բարձրացվեց, մարզպետն ասում է, որ միջգերատեսչական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ։ Չգիտեմ թե ինչ կարգով են փոխհատուցելու, սերմնացուի կարգո՞վ են փոխհատուցելու, թե՞ ֆինանսական չեմ կարող ասել, որովհետև երաշտը չեն ապահովագրում։ Ասում են՝ կառավարության ուշադրության կենտրոնում է հարցը, այդ ուղղությամբ են աշխատում»,-ասաց Ազատանի համայնքապետը։

Վերջինս ընդգծեց՝ կորուստները մեծ են։ Գյուղացիներն այդ ամենը վարկերով են ձեռք բերել. «Ոչ մեկը չի ասում, թե ձմեռն ինչպես պետք է ապրի։ Բոլորն ասում են՝ վարկերն ինչով պետք է փակեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել