Tert.am-ը գրում է.

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շրջագայությանը Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես` Երևան և Բաքու կատարած այցելություններին:

«Եվրոպայի խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման և կողմերի կոշտ հռետորաբանության նոր բռնկման ֆոնին, ինչը հանգեցրել է հակամարտության գոտում ամենալուրջ լարվածությանը նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր: Հակամարտության վերսկսման սպառնալիքը գնալով ավելի ու ավելի իրական է դառնում` Ղարաբաղի կարգավիճակի մասին առանցքային հարցի շուրջ կողմերի սկզբունքային տարաձայնությունների պատճառով»,- նկատում է պարբերականը:  

Ինչպես աղբյուրը նշում է, «Շառլ Միշելի` անցյալ ուրբաթ մեկնարկած ուղևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հատուկ իմաստ է ստացել` կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերսկաման հետ, որոնք նման մասշտաբով չեն եղել անցյալ տարվա նոյեմբերից ի վեր»:

Պարբերականը հիշեցնում է, որ զինված բախումները շարունակվել են նաև Միշելի` Երևան ժամանելուց հետո. մինչ վերջինս հանդիպում էր անցկացնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ՊՆ-ն տեղեկացնում էր, որ հուլիսի 17-ի 13:30-ի դրությամբ` Ադրբեջանը կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ Երասխի հատվածում:   

«Վկայությունն այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում կրքերը չեն հանդարտվել, դարձել է Շառլ Միշելի առաքելության դեմ բողոքի ոչ բազմամարդ, բայց աղմկահարույց ակցիան, որն իրականացվել է ուրբաթ երեկոյան կառավարության շենքի մոտ»,- ընդգծում է հոդվածի հեղինակը` անդրադառնալով եվրոպացի գործչի ժամանաման պահին ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ցույցին, որն ուղեկցվել է «Ամո՛թ Ձեզ» վանկարկումներով:

Աղբյուրը հիշեցրել է, որ Միշելի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ սադրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին` ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները թույլ չեն տալիս սահամանգծման և սահմանազատման աշխատանքներ սկսել»:  

Շառլ Միշելը, իր հերթին, ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը Երևանին ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու հարցում:

«Մենք Ձեր կողքին ենք և հաստատում ենք Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ծավալով ֆինօգնության փաթեթ տրամադրելու պատրաստակամությունը` ենթակառուցվածքների զարգացման, թվային օրակարգի, կլիմայական, տրանսպորտային, ժողովրդավարական բարեփոխումների համար»,- ասել է Եվրոպայի խորհրդի նախագահը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել