168.am-ը գրում է․

Պաշտպանության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով փոփոխություն է կատարվել 2021 թվականի պետական բյուջեում և 1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել ՊՆ-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների կառուցման՝ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։

Նոր «Եռաբլուր» ստեղծած իշխանությունը 1 միլիարդ 500 հազար դրամով բարեկարգելու է 1000 գերեզման։

Թե որ ընկերությունից է կատարվելու գնումը, Կառավարության ընդունած նախագծի մեջ նշված չէ։

Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունը 1 միլիարդ 500 միլիոն դրամի գնումը կկատարի հրատապ՝ մեկ անձից, որովհետև, ըստ ՊՆ-ի ներկայացրած հիմնավորման,  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարվել է գնման ընթացակարգ և դրա շրջանակում հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2021 թվականի հուլիսի 2-ը:

Սակայն նշված ժամկետում որևէ հայտ չի ներկայացվել, ուստի այդ գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում թվով 1000 գերեզմանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար պահանջվող 1 միլիարդ 500 միլիոն դրամից 750 միլիոն դրամը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացյալ մասը  կվերցվի 2021 թվականի բյուջեով ՊՆ «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման համար հատկացված գումարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել