Օրեր առաջ դերասաններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը նշում էին որդու ատամհատիկը:
BlogNews.am կայքի հետ զրույցում Մարինան պատմում է, թե ինչ մասնագիտություն է ընտրել փոքրիկը ատամհատիկի ընթացքում, կցանկանար արդյո՞ք որպեսզի որդին գնար իր ճանապարհով ու դառնար դերասան և ինչի՞ց է ինքը դժգոհ իր ոլորտում:

«Ատամհատիկի ընթացքում բալիկս ընտրել է երկու մասնագիտություն՝ ֆուտբոլիստի և դատավորի: Մինչև որդուս ծնվելը անընդհատ մտածում էի, որ որդիս ֆուտբոլիստ է լինելու ու երբ տեսա, այդ մասնագիտությունը քաշեց, այնպես ուրախացա ու ճչացի, որ բալիկս լաց եղավ վախից»,- ժպիտով պատմում է Մարինան ու խոստովանում, որ իր համար կարևորն այն է, որպեսզի որդին ապագայում զբաղվի իր սիրելի աշխատանաքով ու կարևոր չէ, թե որն է այդ աշխատանքը:

«Կցանկանամ, որ ինչ էլ ընտրի, այդ ոլորտում միջակ չլինի, լինի լավագույնը ու ամենակարևորը զբաղվի իր սիրած գործով: Իհարկե, կցանկանամ, որ զբաղվի դարի մասնագիտությամբ, որպեսզի կարողանա գումար վաստակել, բայց կարևորը դա լինի իր սիրելի գործը»,- հավելում է նա:

Խոսելով իր դերասանի մասնագիտության ու դրա հետ կապված խնդիրների մասին՝ Մարինան նշում է, որ Հայասանում դերասանների համար քիչ են հնարավորությունները ու հավելում է, որ դերասանների համար բոլոր խնդիրները սկսվում են հենց դերասանական դպրոց ասվածից:

«Իհարկե, ինձ իրավունք չեմ վերապահում որևէ բան ասել թատերական ինստիտուտի դասախոսներին, չեմ սիրում թերագնահատել, բայց հարկավոր են փոփոխություններ կրթական համակարգում, պետք է նկարահանվեն որակով ֆիլմեր: Ու ամեն մեկը չպետք է լինի թատրոնում, չպետք է նկարահանվի ֆիլմերում»,-ասում է նա:

Չնայած իր երիտասարդ տարիքին դերասանուհին հասցրել է սիրվել երկրպագուների կողմից ու ճանաչվել, բայց ինքը՝ Մարինան, կարծում է, որ դեռ շատ պետք է աշխատի հաջողության հասնելու համար: 

«Ես չեմ հասել հաջողության, ես ինձ չեմ համարում հաջողակ դերասանուհի, դեռ ոչինչ չեմ արել այս մասնագիտության մեջ, ընդամենը դեռ սովորական դերասանուհի եմ, ով աշխատում է թատրոնում, ունի շատ նպատակներ ու ցանկանում է դառնալ հաջողակ դերասանուհի: Եթե մարդ իրեն համարում է հաջողակ, ապա արդեն իր համար ամեն ինչ ավարտված է»,- բացատրում է նա:

Նշենք, որ փոքրիկի ծննդից հետո դերասանական կարիերայում Մարինան փոքրիկ դադար է վերցրել: Մեզ հետ զրույցում նա պատմում է երկրորդ մասնագիտության և փոքրիկի խնամքի մասին: Նշենք, որ Մարինան հղիության գրեթե ողջ ընթացքում աշխատել է, իսկ կարանտինի ընթացքում օնլայն դասերի շնորհիվ մարքեթինգ է սովորել և աշխատել այդ մասնագիտությամբ անգամ ծննդատանը լինելու ժամանակ: 

«Ծրագրեր մենք միշտ ունենք: Հիմա ավելի շատ տարված եմ բալիկիս խնամքով, չնայած նույնիսկ ծննդատնից աշխատել եմ իմ երկրորդ մասնագիտությամբ: Բայց չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ համատեղել երեխայի խնամքն ու դերասանական կարիերան այս պահին, չնայած ահնարին ոչ մի բան չկա: Պետք է խոստովանեմ, որ խնամքի առումով ինձ անասելի շատ է օգնում մայրիկս, ով կարելի է ասել, որ 24 ժամ իմ կողքին է: Նրա ու իմ քույրիկի օգնության շնորհիվ ես կարողանում եմ հասցնել նաև այլ գործեր»,- եզրափակում է իր խոսքը Մարինան:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել