Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր, իմքայլական  պատգամավոր Վահե Ղալումյանի հետ

- Պարոն Ղալումյան, խորհրդարանն այսօր ընդունեց օրենք, որով, ըստ էության, ավելացրիք պատգամավորներին հասանելիք գումարը։ Կարծում եք՝ դո՞ւք եք այս երկրի ամենախոցելի խավը, եւ ձեր հա՞րցն էր ամենակարեւորը, որը հրատապ կարգով անցկացրիք լուծարված խորհրդարանում։

- Ազգային ժողովը գործելու իրավասություն ունի, ի՞նչ կապ ունի՝ լուծարված է։ Ինչ վերաբերում է գումարին, դա աշխատավարձ չէ, այլ  պատգամավորների ծախսերի հետ կապված գումար է բարձրացվել, որը, իմ կարծիքով, պետք էր։

- Դե, ո՞ւմ փող պետք չէ, ես հենց դա եմ հարցնում՝ ամենախոցելին դո՞ւք եք, որ առաջնահերթությամբ ձեր ծախսերի հարցն եք լուծում։ 

- Բոլոր սոցիալական խնդիրներն էլ կլուծենք։

- Հետպատերազմական բզկտված Հայաստանում հազար խնդիր կա՝ վիրավորների ապաքինման ծախսերից սկսած, վերջացրած տնազուրկ արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցը, դեռ չենք խոսում թոշակառուների եւ այլ անապահով շերտերի մասին։

- Ես ասացի, որ բոլորի հարցն էլ կլուծենք։ Ես անբարոյականություն չեմ համարում այս քայլը, համարում եմ, որ պետք էր։ Պատգամավորները կատարում են ծախսեր, որը պետք է փոխհատուցվի։

- Կես միլիոն աշխատավարձը, պարգեւավճարը քի՞չ են։

- Դրանք տարբեր բաներ են։

- Ո՞նց, կոճակ սեղմելու համար առանձին են վճարում, քաղաքացիների հետ հանդիպելու համար՝ առանձի՞ն, ձեր աշխատանքի մեջ չի՞ մտնում մարզեր այցելելը, քաղաքացիներ ընդունելը։

- Դա հավելյալ ծախս է, որը պատգամավորներին տրվում է իր ծախսերի հատուցման համար։

- Պատգամավորները սահմանադրորեն ունեն պարտավորություն՝ հանդիպելու, շփվելու իրենց ընտրողների հետ։

- Սա եւս լրացուցիչ խթան է պատգամավորին, 50 հազարը չէր բավարարում, կրկնում եմ՝ թոշակները, աշխատավարձերը եւս ավելանալու են, մեր օրակարգում են։

- Այսինքն՝ անցած երեք տարում «խթան» չի եղել, ու դուք էլ գործ չեք արել, տալիս են, որ անե՞ք։

- Ես Ձեզ պարզ ասեցի։

- Ես էլ հասկացա ու հարցնում եմ՝ փողին մուննա՞թ եք աշխատում։

- Ոչ, փողի համար չենք աշխատում, Դուք ուրիշ տեղ եք տանում։ 50 հազարն օրական կազմում է 1700 դրամ։

- Եկեք ներկայացրեք ձեր վերջին մեկ ամսվա ծախսերը՝ ի՞նչ եք արել, որ այդ հիսուն հազարը չի հերիքել։

- Մի քիչ ավել ժամանակ որ լինի, հանդիպենք՝ կպատմեմ, դրանք՝ էդ 50 հազարը, չնչին գումարներ են, չեն հերիքում ծախսերի համար, մարզեր ենք այցելում, գյուղեր ենք այցելում։

- Դա որպես գործուղում է ձեւակերպվում, քանի՞ անգամ ենք գրել այդ մասին։

- Չկա նման բան։

- Ենթադրենք՝ անգամ ձեր միջոցներով եք գնում, բայց կես միլիոն աշխատավարձ եք ստանում, 30 տոկոսի չափով պարգեւավճար, մինչդեռ թոշակառուները 25 հազար դրամով մի ամբողջ ամիս ապրում են։

- Մենք մեկ տարի է՝ պարգեւավճար չենք ստանում, թոշակառուի մասին էլ մտածում ենք, մի մոռացեք, որ իրա 15-ը 25 հազար ենք սարքել։

- Ասում էիք՝ գալիս ենք իշխանության, պատրաստ ենք առանց աշխատավարձի էլ աշխատել, ոտքով աշխատանքի գնալ։

- Ես չեմ ասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել