Tert.am Life-ը գրում է.

Սթենդ ափեր Մարիամ Մուրադյանը՝ Մաշան, արդեն 1 տարի է՝ գրանցված է Տիկ-տոկ հավելվածում և իր գործունեությունը նաև այնտեղ է ծավալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հավելվածում գրանցվելու պատճառի, իր հասցեին բացասական բնույթի մեկնաբանությունների, կին-տղամարդ հարաբերություններից խոսելու և սոցիոֆոբ լինելու մասին:

Մաշայի խոսքով՝ Տիկ-տոկում գրանցվել է կարանտինի ընթացքում՝ մեկ տարի առաջ: «Ամենավերջին տեղն էր, որտեղ կցանկանայի գրանցվել, բայց զբաղված չլինելը հասցրեց դրան: Տիկտոկային դեմք չեմ, չեմ տիրապետում թրենդներին, անում եմ այն ամենը, ինչ անում էի Տիկ-Տոկից դուրս՝ սթենդ ափ: Հետաքրքիրն այն է, որ իմ ձևաչափը բավականին աշխատող ստացվեց: Չէի սպասում, որ իմ տեսանյութերը կդիտվեն, որովհետև մարդիկ պետք է ոչ միայն տեսնեին, այլ լսեին ինձ: Մեկ տարվա ընթացքում Տիկ-տոկում ունեցա 70. 000 հետևորդ, Ինստագրամում ավելի վաղուց եմ գրանցված, բայց մոտ 40. 000 հետևորդ ունեմ: Տիկ-տոկը հնարավորություն է տալիս, կարող ես «Ռեկ»-ում հայտնվել ու տեսանյութդ տարածվի: Լավ եմ հիշում առաջին տեսանյութս, որը «Comedy club»-ից մի հատված էր: Հիմա, երբ դիտում եմ, տեսանյութի ֆիլտրերը շատ ծիծաղելի են, բայց այն ժամանակ մոտ 60. 000 դիտում ունեցավ, եթե չեմ սխալվում»,- պատմեց նա:

Սոցցանցերում Մաշան, հիմնականում, խոսում է կին-տղամարդ հարաբերությունների մասին, շեշտեց՝ դրանից գոնե մի քիչ գլուխ է հանում:

«Թեման հետաքրքիր է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, հատկապես իմ տարիքային՝ 30+ մարդկանց: Այդ տարիքում մարդն արդեն որոշակի փորձ է ունենում, ես չեմ ուզում իմ տեսանյութերը երիտասարդները որպես խորհուրդներ ընկալեն, չեմ ուզում ինչ-որ մեկին դաստիարակելու պատասխանատվություն վերցնել,- ասաց նա և հավելեց, որ թեմաների մի մասի մասին սեփական փորձով է իմացել,- Սթենդ ափը ենթադրում է սեփական փորձ, բայց բաներ կան, որոնք կողքից տեսնելով ես նկատում՝ ուրիշների փորձով, բայց վերագրում ես քեզ՝ ինչ-որ մեկին չմատնանշելու համար: Չեմ կարող 30 տարեկանում այնքան հարուստ փորձ ունենալ, որ կոնտենտ ապահովեմ: Տեսանյութի թեմայի շուրջ երկար չեմ մտածում, ունենում եմ միտք, միացնում հեռախոսի տեսախցիկը, խոսում, հետո տեղադրում համացանցում»:

Մաշայի և՛ Ինստագրամի, և՛ Տիկ-տոկի հրապարակումների մեկնաբանությունները փակ են: Ըստ նրա՝ քննադատություններ ընդունում է, ուղղակի պարտավոր չէ բացասականը կրել կյանքում:

«Չե՞ն սիրում ինձ, թող չդիտեն: Տեսանյութը տեղադրում եմ, մեկ օր թողնում, որ մեկնաբանություններ գրեն, տեսանյութս նույն տեղում չմնա, հետո փակում եմ դրանք: Հավատացեք, ինձ շատ վատ մեկնաբանություններ չեն գրում, ուղղակի թեկուզ մի քանիսը չեմ ուզում կարդալ: Հիմնականում, ինձ սիրում են, հետս համակարծիք են, բայց ոչ ադեկվատ մարդիկ ևս կան: Կարող եմ առավոտյան արթնանալ ու տեսնել, որ այս կյանքում ոչնչի չհասած մեկն իմ հասցեին վիրավորանք է գրել: Խնդիրը ես չեմ, այլ այն, որ հարազատս կարող է կարդալ, վատ զգալ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում ուղղակի չի ֆիլտրում մեկնաբանությունները, Մաշան պատասխանեց. «Չեմ ուզում ժամանակ ծախսել դրանք ջնջելու համար: Երբեմն, հետևորդներս են պատասխանում, վեճ է սկսվում, բայց ինչո՞ւ այդ ամենը թույլ տամ: Ինձ համար ամենակարևոր ու առողջ քննադատող մարդիկ հարազատներս են և ոլորտում փորձ ունեցողները: Բայց նրանք ոչ թե քննադատում, այլ խորհուրդներ են տալիս: Չեմ ուզում, որ անծանոթ մարդիկ տանը նստած ինձ խորհուրդներ տան, ինձ հարազատներս կտան այդ խորհուրդները: Անծանոթներն ինձ խորհուրդ էին տալիս, որ եղունգներս երկար չլինեն, բայց դա մարդկանց գործը չէ, առողջ քննադատություն չէ»:

Մաշան նաև նկատեց, որ Հայաստանում տիկտոկերներին և Տիկ-տոկ հավելվածին անլուրջ են վերաբերում: «Դա ինձ չի խանգարում: Ինձ տիկտոկեր չեմ համարում, որովհետև դրա համար տաղանդ, լավ միմիկաներ, պարելու ունակություն է պետք: Այդ ամենը թերագնահատել կամ արժեզրկել պետք չէ, դա էլ է տաղանդ: Ես ունեմ խոսքի և մտքի տաղանդ, բայց չեմ կարող ինձ տիկտոկեր համարել, նրանք պարում են, հատուկ տարածքներում նկարահանում իրականացնում, մոնտաժ անում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել