Կոպիտ սխալ է ՀՀ պետական սահմանների հարցերը միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից դիտարկելը:
Կառավարությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը:
Իրականում, սահմանների որոշման հիմքում պետք է լինեն մարդն ու նրա իրավունքները: Դա երկրին հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքականն ու ռազմականը:
Անվտանգությունն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է, իսկ քաղաքականն ու ռազմականի նպատակն ի վերջո մարդուն պաշտպանելն է:
Ուստի, ՀՀ սահմանների որոշման գործընթացում սեփական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները վերացնելու, ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու նպատակով Կառավարությունը հրատապ կարգով առնվազն պետք է`
1) միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ք.Ստրասբուրգ) և միջնորդի կիրառել 39-րդ կանոնը.
2) դիմի ՄԱԿ-ի մարմիններին, այդ թվում` Անվտանգության խորհուրդ, օգտագործի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր անդամությունը և այլն:
Խախտումների առկա փաստերը դրա համար ստեղծում են հիմնավոր ապացույցներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել