Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը լեգիտիմացնում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ներկա պայմաններում չի կարելի սահմանազատում իրականացնել։ Խաղաղությունը մեզ համար բացարձակ կարևոր արժեք է, բայց այն չպիտի լինի մարդկանց իրավունքների հաշվին։ Սահմանամերձ բնակիչների իրավունքները պետք է վերականգնվեն, կամ նշված գործընթացները պետք է իրականացվեն ադրբեջանցի զինծառայողների դուրսբերմանը զուգահեռ», - նշել է ՄԻՊ–ը։

Թաթոյանը հավելել է, որ սահմանազատումը պետք է ճիշտ իրականացվի, որպեսզի համայնքների բնակիչների ոչ մի իրավունք չխախտվի:

Իսկ եթե ադրբեջանցի զինծառայողները մնան ներկայիս դիրքերում ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ապա քաղաքացիների իրավունքները չեն կարող վերականգնվել։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Վերին Շորժայում հակառակորդը փոխհրաձգություն է հրահրել նաև հուլիսի 5–ին։ Արդյունքում ունենք 1 վիրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել