Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Անի հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես սպանվածն ու վիրավորը սովորել են Լենինգրադի Ազգային Անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու նպատակով եւ մեզ հասած լուրերի համաձայն, մոտ մեկ շաբաթից պետք է աշխատանքի անցնեին ԱԱԾ-ում:
Ավելին, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, իրավապահներն այս պահին փնտրում են BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը:
Նշենք, որ shmashyan.com-ը գրել էր, որ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռև չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, վիճաբանության մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել