Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ նիստին ներկա են դատարանի բոլոր ինը դատավորները, իսկ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախաղությունը, ՀՌԱՀ-ը և ոստիկանությունը, երրորդ կողմ է հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Դատավարության ընթացքում դատավոր Արևիկ Պետրոսյանն ընդգծեց, որ պատշաճ կերպով չի ստացել մի քանի նյութեր և չի կարող հայտնել իր դիրքորոշումը:

«1153 էջ նյութ ես չեմ ստացել, ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրքորոշումը  ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:

Դատավոր Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ իրավիճակին հետևում է ամբողջ երկիրը և պետք է բոլոր ընթացակարգերը պահպանվեն, որպեսզի հետագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի և նա կրկին միջնորդեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել և լսել, ինչին ի պատասխան միջնորդությունը մերժվեց:

Հայտարարությանն ի պատասխան ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն իր բոլոր որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով ու Սահմանադրությամբ և ՍԴ դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայներոն կասկածի տակ առնելու որոշումները կամ գործողությունները:

«Երբ դատարանը կայացրեց որոշում, ապա նշանակում է դատարանն այս հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է  և մենք պարտավոր ենք  դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի», - ասաց ՍԴ նախագահը։

Դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Վահե Գրիգորյանի միջև բանավեճ տեղի ունեցավ։ Մասնավորապես Վահե Գրիգորյանը ներողություն խնդրեց, քանի որ, ըստ նրա, Արևիկ Պետրոսյանի պահվածքն անընդունելի է․

«Հարգելի նախագահ, թեկուզեւ դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից եւ կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք, ես վստահ եմ , որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզ եւ դա դատավորի հասցեին է արված եւ ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը մեզ սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,-ասաց  Վահե Գրիգորյանը:

Ի պատասխան Վահե Գրիգորյանին, ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին. «Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը եւ Սահմանադրական դատարանին»:

Բանավեճն ընդհատեց դատավոր Էդգար Շաթիրյանը․

«Ես առաջարկում եմ անհապաղ ավարտել այս բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը», - ասաց Շաթիրյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման արդիականությունը, օրինականությունը, ինչպես նաև առկա փաստական հանգամանքները, դաշինքի ներկայացուցիչները մոտ 30-40 ընտրատեսամաղում գտել են մանտյաններ , որտեղ ընտրողների անուններով կան կրկնակի նույնական էջեր: Առկա է նաև շուրջ 88 հազար ձայնը արդյունք, որոնցից 4հազարի մասով ստորագրությունները բացակայում են:

Հիշեցնենք նոև, որ ՍԴ-ն իր որոշումը պետք է կայացնի 8-օրյա ժամկետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել