Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարոյանի  գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել