Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ սահմանադրական դատարանում չի հարցաքննվի որպես վկա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը րոպեներ առաջ մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի այն պահանջը, որով ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանը պետք է հրավիրվեր դատարան ու պարզաբաներ, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել հատկապես հունիսի 20-ին։

«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 52–րդ հոդվածի 2–րդ մասի պահանջները, քննվող գործով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ մասին Սահմանադրական օրենքի 52–րդ հոդվածով, սահմանված կարգով որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հոդվածով ամրագրվում է դատավարության կողմին որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի»,–ասաց Դիլանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել