Armenpress.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստին որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պարզաբանելու, թե ինչու է նա ընտրությունների օր նշանակել հենց հունիսի 20-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թովմասյանն այս մասին ասաց ՍԴ հուլիսի 9-ի  նիստում:

Հրայր Թովմասյանը ներկայացրեց 3 առաջարկություն կամ միջնորդություն: «Առաջինը վերաբերում է հանրապետության նախագահին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այդ  հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է»,-ասաց նա:

Դատավորը ակնկալում է նախագահից պարզաբանում, թե ինչով է պայմանավորված եղել հանրապետության նախագահի կողմից որպես ընտրության օր վարչապետի կողմից նախապես հայտարարված օրը հունիսի 20-ը նշանակելը: «Ես միջնորդում եմ  սույն գործով որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30-45 օրվա ընթացքում»,-ասաց Թովմասյանն ու հավելեց, որ այդ առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ դիմումներում դրանք բարձրացված են:

Նա խնդրեց այդ միջնորդությունը դարձնել քննության առարկա: Որոշվեց, որ Հրայր Թովմասյանի ներկայացրած միջնորդությունները դատավորները կքննարկեն ժամը 18:00-ից հետո  աշխատակարգային կարգով խորհրդակցությունների սենյակում: 

Թովմասյանը հայտնեց, որ եթե այդ պահին չքննարկվեն դրանք, ապա ինքը այդ հարցի հետագա քննարկմանը չի մասնակցի, քանի որ համարում է օրենքի խախտում: Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին նաև կողմերը, պատասխանողը:

ՍԴ-ն, կողմերի առաջարկները, միջնորդությունը, դատավորների տեսակետները լսելուց հետո գործի նյութերի հետազոտման հետ կապված կայացրել է հետևյալ որոշումը՝ բացատրություններով հանդես կգան նախ դիմողները՝ դիմումները ՍԴ մուտքագրելու հաջորդականությամբ, այնուհետև ըստ հերթականության պատասխանողը, հարակից պատասխանողները, դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջում երրորդ անձը: Յուրաքանչյուր կողմի բացատրությունից հետո այդ կողմին, երրորդ անձին հարցեր կտան դատավարության մյուս կողմերը, երրորդ անձը: Կողմերի միջնորդություններին ՍԴ-ն կանդրադառնա նյութերն ուսումնասիրելուց, գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները, հարցուպատասխանները լսելուց հետո: Բացատրությունների սահմանված տևողությունը կողմերի համար կլինի կողմնորոշիչ:

«ՍԴ-ն այսօր կաշխատի մինչև ժամը 18:00-ն, սակայն կարող ենք աշխատել և շաբաթ, և կիրակի օրերին: Շաբաթ-կիրակի և հաջորդող օրերին դատաքննությունը կսկսվի ժամը 10:00-ին և հնարավոր է, որ տևի 18:00-ից ավելի երկար»,-ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ-ից Սուրեն Գրիգորյանը նշեց. «Հրայր Թովմասյանը ներկայացրեց, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որ նախագահը հայտնի, թե իր նկատմամբ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Նույն տրամաբանությամբ կարող ենք հրավիրել ընտրական գործընթացում մասնակից դարձած ցանկացած պետական մարմնի և հարցնել, թե իր վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ համապատասխան տրամաբանությամբ շարժվելու դեպքում գործի քննությունը կարող է տևել ոչ թե 15 օր, այլ տարիներ, ավելին՝ գործի լուծման համար որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք՝ պարզման ենթակա, ես չեմ տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել