Armeniasputnik.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, սադրանքներ չեն արձանագրվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական առանձին շրջաններում տիրող իրավիճակը,այստեղ ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք ելնում ենք նրանից, որ այն ուղղակիորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնն իհարկե խորանում է կողմերի փոխադարձ վստահության պակասի պատճառով»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել