Armeniasputnik.am-ը գրում է․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին:

Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին

Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել