Hraparak.am-ը գրում է.

Սիբիրյան խոցի օջախ հանդիսացած 3 ՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան, Տորֆավան և Վանևան գուղերոմ համաճարակային իրավիճակը կայուն է։ Այս մասին հայտնեցին, թե՛ գյուղապետերը, թե՛ ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

«Արդեն երրորդ օրն է՝ կայուն է․ սատկել է 20 խոշոր անասուն և 4 ոչխար։ Կոնկրետ ես եմ զբաղվում կենդանիների այրումով»,-ասաց գյուղապետ Իգոր Հարությունյանը։

Գյուղում կա սիբիրյան խոցի մաշկային ձևով վարակված 6 մարդ․ «Էն մարդիկ, ով որ մսերի հետ շփվել է»։ Բոլոր այն հիվանդներրի մոտ, որոնք Մարտունու հիվանդանոցում են, ախտորոշվել է հիվանդության մաշկային տեսակը։Դեպքից հետո գյուղում իրականացվել է ախտահանում և սանմաքրում։

Սիբիրախտի կլինիկական նշանները և ընթացքը կախված են հիվանդության հարուցիչի՝ օրգանիզմ թափանցելու ուղիներից, կենդանու տեսակից և անհատական զգայունակությունից, մանրէի վարակունակությունից և դրա բաժնեչափից, գաղտնի շրջանի տևողությունից և համաճարակային պրոցեսի ժամկետներից։ Կա սիբիրախտի կարբունկուլյոզային ձև, որն ուղեկցվում է մաշկի, ենթամաշկային հյուսվածքների ու լորձաթաղանթների այտուցներով և խոցավորմանբ, աղիքային ձևն արտահայտվում է մարսողական օրգանների խանգարումով, հիվանդության թոքային ձևին բնորոշ է արագ զարգացող թոքերի արյունային բորբոքումը և այտուցը։

Բռնկման վարկածները տարբեր են՝ սկսած նրանից, որ տարին չորային է եղել, անասունը թարմ խոտից զրկված է եղել և, հետևաբար, կերել է չոր, հողապատ խոտ, որի պատճառով էլ սպորները ներթափանցել են օրգանիզմ։ Ի՞նչ վարկածներ կան։ Այս մասին հարցնում ենք գյուղապետին։ «Գյուղացիք ամեն ինչ էլ խոսում են, ամեն ինչ էլ մտածում ենք, որ էդ դաշտերից կարա  լինի, արոտավայրերից, նեխած կենդանի լինի»։

Հիշեցնենք, որ սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են խոշոր եղջերավոր անասունները, նաև՝ ոչխարները, այծերը, խոզեը, ինչպեսև մարդիկ։ Վարակումը տարբեր ուղիներով է։ Ինֆեկցիայի հարուցչի ներթափանցման հիմնական ճանապարհը, երբ սպորները կամ բացիլները կենդանու օրգանիզմ են անցնում կերի կամ ջրի միջոցով։ Սիբիրախտի հարուցիչը օրգանիզմ է ներթափանցում նաև մաշկի միջոցով, մանավանդ թարմ քերծվածքների դեպքում, ինչպես նաև աէրոգեն ճանապարհով։ Հիվանդության տարածման գործում մեծ դեր են խաղում նաև արյունածուծ միջատները, բոռերը, մոծակները, որոնք վարակը տարածում են ոչ միայն հիվանդ կենդանիներից, այլև դիակներից, վարակված ջրամբարներից, հողից։ Հիվանդությունը սովորաբար արձանագրվում է տարվա տաք եղանակներին, աղքատ և չոր բուսածածկով արոտավայրերում։ Հիվանդության հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները, որոնց օրգանիզմից բացիլները արտաքին միջավայր են արտազատվում մեզի, կղանքի, թքի և կաթի միջոցով։ Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով․ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ։ 

«Հրապարակի» հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ կիրակի օրը ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարտունու անասնաշուկա և հսկողություն են սահմանել, որ նախ այդ գյուղերից կենդանի չբերեն, քանի դեռ վտանգն անցած չէ։ «Այսինքն՝ պետք է հասկանալ, թե այդ գյուղում ոնց է վիճակը»։

Անուշ Հարությունյանն ասաց, որ այս պահին արգելված է այս գյուղերից նաև կաթի ու կաթնամթերքի՝ պանրի, թթվասերի մթերումը։ Կաթմամթերքի խմբաքանակներ էլ չեն առգրավվել, որովհետև «չի եղել որևէ բան»։ «Ի սկզբանե, հենց որ կենդանիները հիվանդացել են, վերացվել են ու այրվել»,-ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղարը։

Հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների կաթը վնասազերծում են և ոչնչացնում, իսկ վարակման մեջ կասկածվողներինը թույլատրվում է օգտագործել սննդի մեջ միայն եռացնելուց հետո։

Այնուամենայնիվ, գյուղացիներից մի քանիսը, տեսնելով, որ անասունները հիվանդ են և սատկում են, փորձել են արագ մորթել։ Անուշ Հարությունյանն ասսում է․«Էդպես է, գյուղացին հենց տեսնում է, որ կենդանին հիվանդացել է, փորձում է արագ մորթի, ծախի, որպեսզի վնասներ չկրի»։

Առայժմ ՍԱՊԾ-ն չունի եզրակացություն կամ վերլուծություն, թե ինչն է եղել վարակի բռնկման պատճառը, և կամ ինչն է հանդիսացել օջախ։ Կենցաղային մակարդակով խոսակցություններ են շրջանառում, որ պատճառը այն է, որ խոտը քիչ է եղել, և կենդանիները կերել են չոր, հողապատ կեր, որտեղից էլ սպորները ներթափանցել են անասունների օրգանիզմ։Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են մնալ մինչև 150 տարի։

Ամեն դեպքում, Անուշ Հարությունյանն ասում է, որ դեպքերը գրանցվում են սովորաբար տաք և չորային եղանակներին։

Նշենք, որ Իսահակյանում, որ առաջին օջախն էր, գյուղի մուտքը նախորդ օրերին եղել է ոստիկանների հսկողության տակ. մուտք ու ելք անողներին զգուշացվել է ՝ մսամթերք ու կաթնամթերք դուրս չբերել։ 

Այս ամենին գումարվում է նաև գյուղի անասնաբույժի՝  70-ամյա Ռուստամ Սիմոնյանի 
խորհրդավոր ինքնասպանությունը և դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով՝ ինքնասպանության հասցնելը: 

Գյուղի միակ անասնաբույժի ինքնասպանությունն արդյո՞ք կապ ունի վարակի տարածման հետ։ Իսահակյանցիների մի մասը նրան միայն գովել է և ասել, թե ամեն ինչն էլ ժամանակին եղել է:

Սակայն ոմանք հայտնել են, թե անասնաբույժը  50 գլխի համար նախատեսված շիճուկը 80 գլուխ անասունի է պատվաստել։

Անուշ Հարությունյանին հարցրինք՝ որոշ համաճարակաբաններ առաջարկում են արտակարգ դրություն սահմանել՝ նշելով, որ առայժմ միայն մաշկային ձևն է, սակայն, եթե արձանագրվեն թոքային ձևերը, ապա ահավոր ծանր իրավիճակ կստեղծվի։ Անուշ Հարությունյանն ասաց, որ առայմ նման քննարկում չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել