Armeniasputnik.am-ը գրում է.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակում է 13 հայ գերիների դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ ամբաստանյալների կարգավիճակում են Ռաֆիկ  Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Ըստ մեղադրանքի ՝ ամբաստանյալները, «ապօրինաբար ձեռք բերելով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, ստեղծել են ապօրինի զինված կազմավորում»: 2020թ.նոյեմբերի 17-ին, հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, 13 հոգուց բաղկացած զինված խումբը «ապօրինի» հատել է Ադրբեջանի պետական սահմանը և դիրքավորվել  Հադրութ շրջանի անտառային հատվածում։

Ըստ ներկայացված մեղադրանքների` նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Հայ գերիները ցուցմունք են տալիս դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ ընթացող նիստում:

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանում ավարտվել էր 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։ Հրաչյա Ավագյանը և Գեղամ Սերոբյանը դատապարտել էին  4 տարվա, մյուսներին ՝ 6 ամսվա ազատազրկման:

Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:

Նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել