Հայաստանի համար կարեւոր է մշակել հայկական պետականությունն ամրապնդելուն ուղղված ուղիներ, որոնք կարտահայտեն ոչ միայն, օրինակ, Երեւանի, այլ նաեւ Արցախի եւ ամբողջ հայության շահերը: Այդ համատեքստում կարեւոր է հաշվի առնել նաեւ արտաքին գործոնը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Արցախում պատերազմը հրահրվել է աշխարհաքաղաքական գործոններով, քանի որ Ադրբջանին աջակցում էր Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան (որն այսօր վարում է ԵՄ-ն քայքայելու քաղաքականություն):

«Brexit-ից հետո Լոնդոնը շահագրգռված է, որ ստեղծի իր համար աշխարհում նոր ազդեցության ոլորտ, նախ, ԵՄ-ն քայքայելու հաշվին: Մեծ Բրիտանիան մեծացնում է իր ազդեցությունը հենց Փոքր Ասիայում Թուրքիայի հետ փոխազդեցության միջոցով՝ ամրապնդելով նաեւ Ուկրաինայի դիրքերը, շատ ակտիվորեն ներգրավվելով Հայաստանում եւ Վրաստանում: Երբեմն Հայաստանում որոշ արեւմտամետ քաղաքական գործիչներին մեղադրում են Թուրքիայի շահերն առաջ տանելու մեջ՝ չնայած իրականում դրանք կողմնորոշված են դեպի Բրիտանիան: Դեռեւս հայտնի չէ՝ ի՞նչ հետեւանքներ կունենա տարածաշրջանում Լոնդոնի ազդեցության ամրապնդումը:

Այդ ազդեցությունն արհեստական է, դա այդ տարածաշրջանի համար չէ: Դեռեւս հայտնի չէ՝ ինչ ավարտ կունենա հասունացող եվրոպական ճգնաժամը: Այդ առումով ծագում են լուրջ տարաձայնություններ Բրիտանիայի եւ Գերմանիայի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի (որտեղ հայկական սփյուռքն ուժեղ է) միջեւ: Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ուրիշ երկրներում արեւմտամետ ուժերի վրա: Ուստի ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ինչ-որ փուլում կբաժանվեն երկու ճյուղի. մեկն ավելի շատ կուղղվի դեպի ԵՄ-ն, մյուսը կբռնի Բրիտանիա-Թուրքիա ուղին»,-նշել է Լեպեխինը:

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանին դեռեւս երկար ու դժվար տարիներ են սպասվում. ե՛ւ կայունության, ե՛ւ պետականությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ՝ չտրվելով տարբեր արեւմտյան նախագծերին:

«Հայկական պետականության անկման սցենարը հավանական է: Եթե չլիներ Ռուսաստանի գործոնը, որը գոնե կկայունացներ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի կործանման գործընթացը կշարունակվեր շատ ավելի մեծ դինամիկայով: Պարտությունից հետո Հայաստանը հակազդելու համար ռեսուրսներ չունի: Ուստի եթե վերոնշյալ գործոնը չլիներ, ապա քաղաքական համակարգի խճճվածության եւ քաղաքական առաջնորդների ոչ միանշանակ մոտեցումների ուժով հայկական պետականության կործանման գործընթացը կընթանար շատ ավելի արագ: Սակայն դեռեւս ռուսական ներկայությունը կայունացնում է իրավիճակն ու զսպում Հայաստանում արեւմտամետ ուժերին լիարժեք ուղղել երկիրը, պայմանականորեն ասած, դեպի ՆԱՏՕ-ն»,-հավելել է նա:

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ հայկական պետականության ճգնաժամը երկարատեւ կլինի, եւ դեռեւս դրանից դուրս գալու տարբերակներ չկան:

«Ամեն ինչ կախված է հայկական էլիտայի պայմանավորվածություններից, սակայն դա բավարար չէ, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած Փաշինյանը, Քոչարյանն ու Սարգսյանն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են՝ ժողովուրդն, այնուամենայնիվ, քվեարկել է իր սեփական տրամադրություններից ելնելով: Ուստի նրա հետ կարելի է աշխատել: Ազգի կոնսոլիդացիայի համար քիչ է իշխող կուսակցության կուրսի փոփոխությունը: Կարեւոր է, որ ընդդիմությունը գիտակցի իր թերություններն ու սկսի աշխատել բնակչության հետ, առաջարկել իրական ծրագրեր իրավիճակից դուրս գալու համար»,-եզրափակել է Լեպեխինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել