News.am-ը գրում է.

Իսրայելական քարհանքում հայտնաբերված ոսկորները գալիս են մարդու էվոլյուցիայի ծառի ճյուղերից եւ ունեն 120 000 – 140 000 տարվա պատմություն, գրում է AP-ն:

Մարդաբանների խումբը տարիներ շարունակ ուսումնասիրել է 2010 թվականին Նեշեր Ռամլայում հայտնաբերված գանգի, ստորին ծնոտի եւ ատամի բեկորները` դրանք համեմատելով աշխարհի տարբեր դարաշրջանների հարյուրավոր բրածոների հետ:

Հետազոտողները պարզել են, որ բրածոները, հավանաբար, պատկանում են նեանդերտալացիների հետ սերտ կապ ունեցող հոմինինների խմբին: Գիտնականները նաեւ կարծում են, որ բավականին ընդհանրություններ կան, որպեսզի այս խումբը կապվի Իսրայելում քարանձավների նախորդ պեղումներից հայտնաբերված այլ բնակիչների մնացորդների հետ։

«Ատամներն ունեն մի քանի յուրահատուկ հատկանիշներ, որոնք թույլ են տալիս մեզ սահման անցկացնել այդ պոպուլյացիաների միջեւ»,- ասել է Թել Ավիվի համալսարանի մարդաբան Ռեյչել Սարիգը:

Այս խումբը, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանը բնակեցրել է 400 000-100 000 տարի առաջ, ասում է մեկ այլ համահեղինակ՝ Թել Ավիվի համալսարանի մարդաբան Իսրայել Գերշկովիցը: Նրա խոսքով՝ Նեշեր Ռամլայում հայտնաբերված աճյունները, ամենայն հավանականությամբ, պատկանում են «Մերձավոր Արեւելքում երբեմնի գերակշռող խմբի վերջին վերապրածներին»:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ homo sapiens-ը` ժամանակակից մարդը, նույնպես միաժամանակ ապրել է այս տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել