Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծի երկայնքով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի տեղաշարժի, պարենի և տարատեսակ ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:

«Վերահսկում ենք տրանսպորտային միջոցների շարժը Լաչինի միջանցքով: Օրական, միջին հաշվով, անցակետով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի պատասխանատուն այն զննում է զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար», - ասել է անցակետի հրամանատար Վասիլի Դովիդովը:

Նաև, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ անցկացնում խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել