News.am-ը գրում է.

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կապված չէ Լեռնային Ղարաբաղի անկախության հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Հիմա շատ է խոսվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման մասին։ Ի՞նչ քարտեզներով են գործում կողմերը։

Կողմերն օգտագործում են տարբեր քարտեզներ, չնայած իրականում քարտեզները նույնն են. երկու կողմն էլ օգտագործում է ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման քարտեզները։ Պարզապես ադրբեջանցիները ստեղծում են վիճելի հարցեր անկլավներ ստեղծելու համար։ Հայաստանը դա հասկանում է, եւ հարցը պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։

Նկատի ունեմ, որ Հայաստանը Հայկ. ԽՍՀ իրավահաջորդն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը իրեն հռչակել է առաջին հանրապետության իրավահաջորդ։

Այո, դա նրանք հայտարարել են, բայց փաստն այն է, որ հիմա նրանք գործում են խորհրդային քարտեզներով, իսկ մինչ այդ ադրբեջանական պետություն գոյություն չուներ։

Չի՞ ստեղծի դա արդյոք լրացուցիչ խառնաշփոթ։

Նրանք գործում են իրենց սովորական մարտավարությամբ։ Բան չեղած տեղը ստեղծում են խնդիր, կարեւոր չէ՝ արդա՞ր է այն, թե՞ ոչ, կամ կա՞ն փաստացի հիմքեր դրա համար, եւ եթե ժամանակի ընթացքում այդ «վիճելի հարցում» ընդդիմախոսին ներքաշում են վեճի ու բանակցությունների մեջ, նշանակում է՝ կողմերն ընդունում են, որ հարցը վիճելի է եւ այդ կերպ ստեղծում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անկլավներ։ Սա տակտիկա է, որը նրանք հաջողությամբ կիրառում են բոլոր հարթակներում՝ իրավական, ֆիզիկական։ Ես հաճախ եմ ստիպված լինում դրա դիտորդը լինել գործնականում, միջազգային ատյաններում, թե ինչպես են նրանք ստեղծում «վիճելի հարցեր»։ Եվ եթե կողմերն իրենց թույլ են տալիս ներգրավվել քննարկման մեջ, դրանով իսկ ընդունում են փաստացի հիմնավորումների առկայությունը, անգամ եթե դրանք գոյություն չունեն։ Դրան էլ միտված են Ադրբեջանի քայլերը։

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի տրամաբանական ավարտը տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունումն է։ Ի՞նչ է դա նշանակում Ղարաբաղի անկախության հարցի մասով։

Անգամ եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը, դա չի նշանակում, թե դրանով իսկ բացառվում է ինքնորոշման իրավունքը։ Չէ՞ որ ցանկացած պարագայում ինքնորոշման իրավունքը ծնվում է սահմանների անձեռնմխելիության տարածքում։ Ինքնորոշված բոլոր պետություններն ինքնորոշվել են միավորից, որի սահմանները անձեռնմխելի են եղել։ Միջազգային իրավունքում, համենայնդեպս՝ 2010 թվականից, Կոսովոյի վերաբերյալ միջազգային իրավական ատյանի կողմից որոշման ընդունմամբ, երբ որեւէ տարածքային կազմավորում հռչակում է անկախություն, չկա դա արգելող միջազգային նորմ։ Եթե չկա արգելող նորմ, դա նշանակում է, որ թույլատրված է։ Առաջին անգամ իավագիտության մեջ ստեղծվեց հակակշիռ տարածքային ամբողջականությանը։ Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է անկախություն, դա կախված չէ Հայաստանի կամքից, Հաաստանի կառավարության կամքից անկախ Ղարաբաղի ժողովուրդն արդեն հռչակել է անկախություն, եւ աշխարհը դա հաշվի է առնում։ Որովհետեւ անկախության հռչակագիրը ընդունվել է օրենքով սահմանված կարգով։ Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնք գտնվում են տարբեր հարթություններում. կճանաչի՞, թե՞ ոչ Հայաստանը Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը՝ Ղարաբաղին դա չի վերաբերում։ Ղարաբաղի կառավարությունն արդեն հայտարարել է, որ դուրս է եկել Ադրբեջանի կազմից։ Այս հարցը զարգացրել են որոշ քաղաքական ուժեր իշխանության վրա ճնշում գործադրելու համար։ Իրականում դրանք տարբեր հարցեր են։ Հակառակ դեպքում ստացվում է, որ անկախությունը շաղկապվում է տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդպես չէ։ Անկախության ձգտումը, անկախությունը մարդու հիմնարար իրավունքներից է, դա նշանակում է, որ տարածքային ամբողջականությունը չի կարող գերակայել կոնկրետ համայնքի անկախության իրավունքի հանդեպ։ Սրանք տարբեր հարցեր են, չնայած կա այդ հարցերը որպես փոխբացառող ներկայացնելու միտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել